Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բիզնեսը կնախընտրեր Մեդվեդեւի՞ն


Դումայում վարչապետի ուղերձից հետո մեկնաբանները փորձում են կռահել, թե ո՞վ ունի 2012 թվականի նախագահական ընտրություններում հաջողության հնարավորություն` վարչապե՞տը, թե՞ նախագահը:

Ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական շրջանակներին է հետաքրքրում այդ հարցի պատասխանը:

«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունն օրերս հայտարարել է նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին սատարելեւ մասին:

UniCredit դրամատան վերլուծաբան Վլադիմիր Օսակովսկին կարծիք է հայտնել, որ ռուսաստանյան բիզնեսը, թերեւս, կցանկանար Կրեմլում Դմիտրի Մեդվեդեւին տեսնել: Այստեղ առանցքում տնտեսական բարեփոխումների իրականացման խնդիրն է:

Նախագահ Մեդվեդեւը իր մի քանի ելույթներում ասել է, որ արդիականացումը պետք է արագ հանգեցնի արմատական փոփոխությունների Ռուսաստանի կյանքի բոլոր բնագավառներում:

Մինչդեռ, ապրիլի 20-ին Պետդումայում Պուտինը ասել է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, որ պետք է զարգացնել նաեւ նավթի եւ գազի արդյունահանման հետ առնչություն չունեցող բնագավառները, եւ միաժամանակ նկատել է, որ դա ժամանակ է պահանջում:

«Այդ ամենի համար Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն եւ հանգիստ զարգացման տասնամյակ, առանց ցնցումների, չհաշվարկված էքսպերիմենտների, որոնց հիմքում կարող են լինել, մի կողմից, չարդարացված ազատականությունը, կամ էլ, մյուս կողմից, սոցիալական դեմագոգիան», - ասել է Պուտինը։

UniCredit-ի վերլուծաբան Օսակովսկու համոզմամբ` արդիականացման հարցում նախագահի եւ վարչապետի մոտեցումների տարբերությունը վկայում է նրանց տարաձայնությունների մասին:

«Մենք շարունակում ենք համարել, որ շուկայի մասնակիցները գերադասում են Դմիտրի Մեդվեդեւի վերընտրությունը, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ: Մեր համոզմամբ, ներդրողները ուզում են տեսնել բարեփոխումների իրականացման Մեդվեդեւի տարբերակը, քանի որ Պուտինի վերադարձը կնշանակեր ստատուս-քվոյի պահպանում», - գրել է վերլուծաբան Վլադիմիր Օսակովսկին ռուսաստանյան գործարար աշխարհում մեծ հեղինակություն վայելող «ՌոսԲիզնեսԿոնսալտինգ» տեղեկատվական-վերլուծական կայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG