Մատչելիության հղումներ

«Թուրքիան կարող է հայտնվել խաղաղության ու հակամարտության խաչմերուկում»


Քուրդ ցուցարարները ծածանում են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության դրոշը

Քուրդ ցուցարարները ծածանում են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության դրոշը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում այսօր հազարավոր քրդեր մասնակցեցին 21-ամյա Իբրահիմ Օրուջի հուղարկավորման արարողությանը։

Նա սպանվել էր չորեքշաբթի օրը ոստիկանների հետ բախումների արդյունքում:

Հուղարկավորման արարողությունը սկսվեց Դիարբեքիրի մզկիթում եւ ավարտվեց մերձակա Բիսմալ քաղաքում, որտեղ եւ զոհվել էր 21-ամյա երիտասարդը: Քաղաքի փողոցներով անցնող թափորը Անկարայի դեմ պայքարող ապստամբներին ոգեւորող կոչեր էր հնչեցում, քրդական դրոշներ ծածանում, դիմակավորված երիտասարդները վրեժ լուծելու բացականչություններ էին հնչեցնում: Հարյուրավոր ոստիկաններ Դիարբեքիրում հսկում էին իրավիճակը։

Քուրդ փոքրամասնության եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ լարվածությունը կտրուկ մեծացավ, երբ երկուշաբթի օրը ընտրական բարձր խորհուրդը հրաժարվեց գրանցել 12 քուրդ թեկնածուների հայտերը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Նրանք առաջադրվել էին որպես անկախ թեկնածուներ, բայց նրանց պաշտպանում է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։

Թեկնածուներին չգրանցելու որոշումը բողոքի ալիք բարձրացրեց երկրի առավելապես քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջաններում։ Բողոքի ակցիա անցկացվեց նաեւ Ստամբուլում, որը եւս ավարտվեց ոստիկանների հետ բախումամբ:

Բիսամիլում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում մեկ ցուցարար սպանվեց, մի քանիսը վիրավորվեցին, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սեալհաթին Դեմիրթաշը չեղյալ համարեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ նախատեսված հանդիպումը, ուր նախատեսվում էր քննարկել լարվածությունը թուլացնելու հնարավորությունները:

Չգրանցված թեկնածուների շարքում մի քանի հայտնի մարդիկ կան, մասնավորապես Եվրախորհրդարանի մարդու իրավունքների մրցանակակիր Լեյլա Զանան, որը 10 տարի անցկացրել է թուրքական բանտում։

Քուրդ թեկնածուներին չգրանցելու որոշումը պատճառաբանվել էր արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հետ նրանց կապերով: Այս կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար է մղում քրդերի անկախության համար։ Երկարատեւ հակամարտության ընթացքում շուրջ 45 հազար մարդ է սպանվել։

Վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունները քրդական հարցում բարեփոխումներ էր իրականացնում։ Բայց այս նոր լարվածության պատճառով վերլուծաբանները զգուշացնում են, որ Թուրքիան կարող է հայտնվել խաղաղության ու հակամարտության խաչմերուկում։

Քրդական թերթերի գնահատմամբ, քուրդ թեկնածուներին չգրանցելու որոշումը «պատերազմի հռչակագիր է»։

Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդարտության կոչ է արել` հույս հայտնելով, որ չգրանցված թեկնածուների հարցը կարող է վերանայվել։

«Ոչինչ չի կարող լուծվել բռնությունների միջոցով», - «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Գյուլը` նշելով, որ թեկնածուների փաստաթղթերը ամբողջական չէին ու դրանք լրացվելուց հետո պիտի որ խնդիրներ չլինեն։

Թուրքիայի ընտրական բարձր խորհուրդը սկսել է ուսումնասիրել քուրդ թեկնածուներին չգրանցելու իր նախկին որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG