Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահն իրեն եւ կառավարությանը քննադատել է «չափից շատ ազատական եւ հանդուրժող» լինելու համար։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանում հանդես է եկել ամենամյա ուղերձով, որի ընթացքում ասել է, թե «երկրում այսօր արտասովոր սոցիալ-քաղաքական մթնոլորտ է»։

Ապրիլի 11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մետրոյում ահաբեկչական պայթյունի զոհ է դարձել 13 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է, շատերը ծանր վիճակում առայսօր հիվանդանոցներում են։

Բելառուսում նաեւ բարդ տնտեսական վիճակ է. վալյուտային պաշարները ճգնաժամի հետեւանքով էապես նվազել են, շատերը խոսում են բելառուսական ազգային տարադրամի` «ռուբելի» մոտալուտ արժեզրկման մասին։

Մարդկանց հիշողության մեջ են նաեւ անցած տարվա դեկտեմբերի նախագահական ընտրությունները, որոնք անցկացվեցին աղաղակող խախտումներով, ընդդիմության եւ ուժայինների բախումներով: Իսկ հետընտրական շրջանում հերթական հաղթանակը տարած Լուկաշենկոյի հրահանգով ուժ կիրառվեց նախագահի ընդդիմախոսների նկատմամբ, նախագահության թեկնածուներից մի քանիսը կալանավորեցին։

Այսպիսի մթնոլորտում է ամենամյա ուղերձով հանդես եկել նախագահ Լուկաշենկան, ով իր ելույթում անդրադարձել է նաեւ մետրոյի պայթյունին։

«Այսօր պարզորոշ պետք է ասեմ, որ այս ահաբեկչական գործողության հարցում դեռ չենք գտել ոչ քրեականների, ոչ ավազակների եւ ոչ էլ քաղաքական գործիչների մասնակցության մասին վկայող նշաններ, մենք չունենք նրանց մեղադրելու համար անհրաժեշտ փաստեր, թեպետ հաշվի ենք առնում հնարավոր բոլոր վարկածները», - ասել է Բելառուսի նախագահը։

Այնուամենայնիվ, ելույթում տեղ են գտել այնպիսի ձեւակերպումներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ անձամբ Լուկաշենկոն առաջնային է համարում քաղաքական հանգամանքները։

Նրա խոսքերով, «որոշ ուժեր փորձում են ապակայունացնել կացությունն ու խարխլել Բելառուսի ինքնիշխանությունը։

«Ոմանք երեւի ցանկանում են խուճապ եւ իշխանությունների նկատմամբ անվստահություն առաջացնել, նպատակ ունենալով հետագայում այդ խնդիրներով խեղդել մեր երկիրը, մեր անկախությունը, եւ առիթ ստեղծել ուղղակի միջամտություն կատարելու»,- ասել է Լուկաշենկոն։

Ապա նա ինքն իրեն եւ կառավարությանը քննադատել է չափից շատ ազատական եւ հանդուրժող լինելու համար, քանի որ անցյալ տարվա ընտրարշավի օրերին իշխանությունները թույլատրել են ընդդիմությանը հանդես գալ հեռուստաեթերով։

Ըստ Լուկաշենկայի, նա դեռ այն ժամանակ գիտեր, որ «այդ լիբերալիզմը վատ կավարտվի, քանի որ ոմանք կմտածեն, թե այլեւս ամեն բան թույլատրելի է։ Դրանից կօգտվեն նաեւ հոգեպես անհավասարակշիռ անձնավորությունները»։

Բելառուսի ղեկավարը իր ուղերձում հայտարարել է, որ երկիրը կդիմագրավի ցանկացած դավադրություն ու ճգնաժամ։

«Որեւէ 5-րդ, 6-րդ, 25-րդ շարասյուն կոչնչացվի։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ միջոցներ», - նախազգուշացրել է Ալեքսանդր Լուկաշենկան։

Նրա խոսքերով, ներկայիս արտասովոր սոցիալ-տնտեսական վիճակը հաղթահարելու համար «անհրաժեշտ է զգոնություն եւ միասնություն»։

Նա ասել է, որ ետընտրական իրադարձությունների առնչությամբ ձերբակալվածների, այդ թվում նախագահության 5 թեկնածուների դատավարությունները առաջիկա օրերին կշարունակվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG