Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում հայտարարեց, թե նոտարական ծառայություններում համատարած կաշառակերություն կա` վկայակոչելով նոտարական ծառայությունների մատուցման ոլորտում կառավարության անցկացրած ուսումնասիրությունները:

«Համատարած դժգոհություն ունենք, համատարած կաշառակերություն` գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին: Միանգամից գումարը վերցնում են, եւ պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է մեր կողմից սահմանված սակագները: Ասենք, ծառայությունը արժի 3-5 հազար դրամ, համատարած 5 հազար դրամ են վերցնում: Միգուցե մենք պետք է անդրադառնանք նաեւ այս սակագներին եւ վերանայենք, այդ սանդղակը ուղղակի վերացնենք», - ասաց վարչապետը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, կարծում է, որ նոտարական ծառայություններում «դասական» կաշառք չեն վերցնում:

«Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «դասական» կաշառք չէ այստեղ, սակայն սահմանված գումարներից, սակագներից ավելին է գանձվում: Երբեմն այդ սակագներն են բավականին ցածր, բայց դա, բնականաբար, նոտարին չի արդարացնում: Կա մի դրույթ, երբ բարդ գործարքների դեպքում կարող ես այսքան գանձել, բայց երբ ուսումնասիրում ես այսպես կոչված բարդ գործարքները, տեսնում ես, որ, օրինակ, բնակարանի առքուվաճառքը դիտարկվում է որպես բարդ գործարք, բայց կարող եք բոլոր նոտարներից հավաքել այդ պայմանագրերի տեքստերը եւ կտեսնեք, որ դրանք բարդ չեն, դրանք նույնատիպ տեքստեր են», - ասաց Հրայր Թովմասյանը կառավարության նիստից հետո:

Նախարարի խոսքով` կառավարության հաջորդ նիստում ամենայն հավանականությամբ կներկայացվեն նոտարական ծառայությունների մատուցման սակագները:

«Մարժաները էականորեն կփոքրացվեն, միգուցե ընդհանուր սակագները կբարձրանան, այսինքն ռեալիստական կմոտենան այն սակագներին: Կան ծառայություններ, որ 300, 500 դրամ արժեն, որոնք իրականում ռեալիստական չեն, բայց մյուս կողմից դրանք չպետք է լինեն 20-25 հազար և այլն: Պետք է գտնել այդ ոսկե միջինը, որի պարագայում նոտարը պետք է այդ ամբողջը արձանագրի, իր հարկային պարտականությունները կատարի եւ իր ռիսկերը գնահատի», - ասաց Թովմասյանը:

Նախարարի խոսքով` այժմ քննարկվում է երկու տարբերակ` կա'մ նոտարները պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոններ, կա'մ մուծումները պետք է կատարվեն բանկային տերմինալների միջոցով, իսկ անբարեխիղճ նոտարները կպատժվեն:

Նախարարը նաեւ հավելեց, թե քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասով բյուրոկրատական քաշքշուկներ են նկատվում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) ժամանակ, այդ պատճառով կառավարության որոշումներում եւ համապատասխան օրենքներում փոփոխություններ են առաջարկվում:

«[Փոփոխությունը վերաբերում է ], մասնավորապես, 940 որոշմանը, որը վերաբերում էր անվան փոփոխման կարգն ու պայմանները հաստատելուն: Նախատեսված էր երկու լուսանկար, ինքնակենսագրություն կամ տեղեկանք բնակավայրից, որոնք գործնականում ինչ-որ լրացուցիչ բաներ էին, եւ դրանց անհրաժեշտությունը բնականաբար չկա: Եթե անձնագրում առկա է անձի հաշվառման վերաբերյալ համապատասխան կնիքը, ապա նորից բնակության վայրից տեղեկանք պահանջելու անհրաժեշտությունը չկա», - մանրամասնեց նախարարը:

Օրենսդրական մեկ այլ փոփոխություն է նախատեսվում ամուսնության գրանցման ժամկետների վերաբերյալ:

«Որեւէ հիմնավորման կամ քննադատության չէր ենթարկվում այն հանգամանքը, որ ամուսնությունը կարող է գրանցել ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելուց մեկ ամիս հետո եւ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Առաջարկվում է այդ ժամկետները կրճատել մինչեւ 7 օր», - ասաց նախարարը:

Կառավարությունը բոլոր առաջարկները հավանության արժանացրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG