Մատչելիության հղումներ

Ադրբեջանա - ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը տապալվել է


Ադրբեջան - Ամերիկացի եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին Բաքվի մոտակայքում, ապրիլ, 2009 թվական
Ադրբեջան - Ամերիկացի եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին Բաքվի մոտակայքում, ապրիլ, 2009 թվական
«Տարածաշրջանային արձագանք»` այսպես են կոչվում Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները, որոնց անցկացումը արդեն երկրորդ տարին է ինչ տապալվում է:

Ինչպես եւ 2010 թվականի գարնանը, այժմ էլ պաշտոնական Բաքուն զորավարժությունները չեղյալ է հայտարարում առանց որեւէ բացատրության: Անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն APA գործակալությանը խոստովանել էր, թե տեղյակ չէ այդ քայլի դրդապատճառներին: «Ես գիտեմ, որ զորավարժությունները հետաձգվել են անորոշ ժամկետով, բայց թե որն է նման քայլի պատճառը` որեւէ տեղեկություն չունեմ», - նշել էր Սաբիրօղլուն: Նա նաեւ համոզմունք էր հայտնել, թե զորավարժությունների չեղյալ հայտարարելը որեւէ կերպ չի ազդի ադրբեջանա - ամերիկյան ռազմական գործակցության վրա:

Մոտ երեք շաբաթից նախատեսված զորավարժությունների փաստացի տապալման պատճառների մասին չեն խոսում նաեւ Բաքվում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները: Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Թերի Դեւիդսոնը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նշել է. - «Զորավարժությունները հետաձգվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, ուստի ավելի ճիշտ կլիներ պարզաբանումների համար դիմել հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը»: Միաժամանակ, Դեւիդսոնը հավաստիացրել է, թե ռազմականից բացի շատ այլ ոլորտներ կան, որտեղ պաշտոնական Բաքուն եւ Վաշինգտոնը հաջողությամբ գործակցում են: «Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սերտ ու արդյունավետ կապեր կան: Մենք համագործակցում ենք տնտեսական ոլորտից մինչեւ անվտանգության խնդիրներն ու ժողովրդավարական բարեփոխումները», - ասել է նա:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նկատում է, որ պաշտոնական Բաքվի որոշումը` հրաժարվել նախապես ծրագրված զորավարժությունների անցկացումից, բավական տարօրինակ է, քանի որ մեկ տարում երկու երկրների հարաբերություններում լուրջ դրական տեղաշարժ է արձանագրվել:

«2010-ին զորավարժությունները տապալվեցին մի իրավիճակում, երբ Իլհամ Ալիեւին չէին հրավիրել միջուկային անվտանգության խնդիրներին նվիրված վաշինգտոնյան համաժողովին, դրան էլ գումարած` ԱՄՆ-ը Բաքվում մնացել էր առանց դեսպանի: Այս մեկ տարվա ընթացքում, սակայն, ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունները զգալիորեն բարելավվել են: Անցած մեկ տարում Բաքու այցելեցին Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը, Նյու Յորքում հանդիպեցին Իլհամ Ալիեւն ու Բարաք Օբաման, ի վերջո` մեկուկես տարվա ընդմիջումից հետո Բաքվում դեսպան նշանակվեց», - նկատում է «Թուրան»-ի մեկնաբանը:

Զորավարժությունները պետք է մեկնարկեին մայիսի 15-ին Բաքվի հարեւանությամբ գտնվող Ղարա-Հեյբաթի զորավարժարանում եւ շարունակվեին 10 օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG