Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Կարելի է ասել, որ պահանջներից մեկը կատարվել է»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի չորեքշաբթի օրվա հայտարարությունները:

Հայաստանի նախագահի նստավայրում չորեքշաբթի օրը դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ակնկալում է «նոր թափ» 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում: «Հարցի նշանակությունը չափազանց մեծ է ե'ւ մեր պետության, ե'ւ մեր հասարակության, ե'ւ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար», - ասել է նախագահը` ընդգծելով, որ հարցը անձնապես իր համար «շատ կարեւոր» է:

Ընդդիմության ապրիլի 8-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե մինչեւ հաջորդ հանրահավաքը` ապրիլի 28-ը, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց ներկայացրած երեք նվազագույն պահանջները` «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը»: Տեր-Պետրոսյանը զգուշացրել էր, որ եթե այդ պահանջները չկատարվեն, հաջորդ հանրահավաքը կարող է դառնալ իշխանության եւ հասարակության ջրբաժանի օրը:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, սակայն, չի կարծում, որ նախագահի երեկվա հայտարարությունը արվել է ընդդիմության պահանջների ճնշման տակ:

«Սերժ Սարգսյանի վրա ոչ ոք էլ չի կարող ազդել. ինքը հանրապետության նախագահն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց Զոհրաբյանը: - «Բայց, իհարկե, կարծում եմ, որ ընդդիմության առաջարկները, ինչպես նաեւ այսօրվա միջավայրը, այն, որ այդ իրադարձություններից երեք տարի է անցել, իրենց դերը կատարեցին»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իշխանության երեկվա քայլը ազդակ է, որ կկատարվեն նաեւ ընդդիմության մյուս երկու պահանջները:

«Մարտի 1-ի վերաբերյալ մեր պահանջի կատարումը ազդանշան է, որ, միգուցե, իշխանությունները պատրաստակամություն ունեն կատարել մեր պահանջները: Իսկ դա նշանակում է, որ նրանք հնարավորություն ունեն նաեւ վերանայել քաղաքապետարանի որոշումը: Մինչեւ ապրիլի 28-ը ժամանակ դեռ կա», - նշեց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողը կարծիք հայտնեց, որ բանտարկված ընդդիմադիրներին մինչեւ ապրիլի 28-ը ազատ արձակելու հարցում եւս որեւէ բարդություն չկա, եթե իշխանությունն ունենա քաղաքական կամք:

Իշխանության ներկայացուցիչը` Ռազմիկ Զոհրաբյանը, վկայակոչեց այն փաստը, որ պայմանական-վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել ընդդիմադիր գործիչ Արամ Բարեղամյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը եւ նա մոտ օրերս ազատ կլինի:

«Այնտեղ մնում են մի քանի հոգի: Կարծում եմ, որ նրանց էլ նույն ճանապարհով ազատ կարձակեն: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կմնա բանտում մինչեւ իր պատժաժամկետի վերջին օրը», - ասաց Հանրապետականի փոխնախագահը:

Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությամբ նոր իրավիճակ ստեղծվեց իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` «սառույցը հալվում էր, հիմա, միգուցե, մի քիչ ավելի արագ կհալվի»:

Մինչդեռ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդեց. - «Հարցը հետեւյալն է` արդյո՞ք ապրիլի 28-ը կդառնա երկխոսության սկզբնավորման օր, թե՞ վերջնական ջրբաժանի օր: Եթե ապրիլի 28-ը պետք է դառնա երկխոսության սկզբնավորման օր, դրա համար անհրաժեշտ է բոլոր 3 պահանջների ամբողջական կատարումը»:

Կա տեսակետ, որ վերջին շրջանում իշխանության եւ ընդդիմության միջեւ համագործակցություն է սկսվել: Այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով` Ռազմիկ Զոհրաբյանն ասաց հետեւյալը. - «Եթե համարենք, որ մենք գնում ենք բարեփոխումների, փոփոխությունների, եւ ընդդիմությունը նույնպես այդ ճանապարհով է գնում, ապա կարելի է համարել միջնորդավորված համագործակցություն»:

Լեւոն Զուրաբյանը, սակայն, առարկում է. - «Բնականաբար ոչ մի համագործակցություն չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG