Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 21-ի մամուլ


Նախագահականում երեկ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «2008 թվականի մարտի 1-ի գլխավոր դերակատարներն ու մարտի 1-ի գործերը կոծկող օղակների պատասխանատուները հավաքվել են մեկտեղ ու Սերժ Սարգսյանից հրահանգ են ստացել` նոր թափ եւ ընդգծված ակտիվացում հաղորդել մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ: Հատուկ ընդգծենք. նախ մարտի 1-ի դեպքերում եւ հանգամանքներում չբացահայտված հարցեր չկան: Հասարակությունը գիտի ովքեր են եղել խաղաղ ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տվողները ու իրականացնողները: Գիտենք, թե մարտի 1-ի գիշերը ինչ խորհրդակցություն է տեղի ունեցել, ու համապատասխան շտաբի ներկայացուցիչներից որ մեկն ինչպես է իրեն պահել: Այս տարիների ընթացքում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Փաստահավաք խմբի եւ Ազգային ժողովի Մարտի 1-ի հանձնաժողովի գործունեության շրջանակներում հանդես են եկել ինքնախոստովանական ցուցմունքներով, որ այդ օրը իրենց կողմից կիրառված ուժը անհամաչափ է եղել, որ իրենք չեն իմացել ինչպես վարվել զենքի հետ, որ իրենք պարզապես զուրկ են եղել որոշում կայացնելու հնարավորությունից: «Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել», - հրահանգում է Սերժ Սարգսյանը: Ի՞նչ ուղի: Ի սկզբանե սխալ է եղել ընտրված ուղին: Ի սկզբանե բանտում են հայտնվել մարդիկ, որոնց տեղը բանտը չէր, եւ պետական պաշտոններ են զբաղեցրել մարդիկ, որոնք հիմա ճաղավանդակները հետեւում պետք է լինեին»:

«Առավոտ»-ի թղթակիցը Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հոնհաննիսյանին հարցնում է. - «Իշխանությունը կարծես ՀԱԿ-ի նշած վերջնաժամկետին ընդառաջ քայլեր է անում. ազատ արձակվեց Սամսոն Խաչատրյանը, քննարկվում է մյուսներին ազատ արձակելու հարցը: Սա գոհացնո՞ւմ է ՀԱԿ-ին»: Պատասխան. - «Իհարկե` ոչ: Ես այդքան ակնհայտ չեմ տեսնում իշխանության արած քայլերը: Իշխանության առջեւ շատ հստակ երեք պայման է դրված, եւ մենք տեր ենք կանգնելու դրանց: Ինչ մնում է Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելուն` դեռ հարց է, թե ինչու էին բռնել նրան: Մարդուն անօրինական ձերբակալել էին, երկու ամիս բանտում նստելուց հետո դատարանի որոշմամբ պայմանական ազատում են, եւ մենք պետք է համարենք, որ շատ մեծ բա՞ն են արել, հա՞, դեպի ժողովրդավարությո՞ւն են գնացել իշխանությունները: Իհարկե, այդպես չէ: Դեռ մի քանի օր կա: Մինչեւ ապրիլի 28-ը կերեւա` այս իշխանությունն իսկապես մտահո՞գ է այս երկրով»:

«Հետք» շաբաթաթերթի խմբագիրը գրում է. - «Երբ երկրի ղեկավարները խոսում են տնտեսության օլիգարխիկ կառուցվածքից, այն փոխելուց, ամենաքիչը տարակուսանք է առաջանում: Ովքե՞ր են այդ օլիգարխները, որոնք տնտեսությունն իրենց «ճիրաններում» պահելով` չեն թողնում ազատականացվի: Դրանք այլմոլորակայիննե՞ր են, այդքան անտեսանելի ու աներեւո՞ւյթ են, որ անուններ չեն տալիս: Այդքան դժվա՞ր է նախագահի ու վարչապետի համար վերացնել այդ մի քանի օլիգարխների մենաշնորհը, պետական բոլոր լծակները իրենց ձեռքում` չե՞ն կարողանում դա անել: Այս հարցի պատասխանը միանշանակ է` նրանք չեն ուզում դա անել: Եթե ցանկանային, այդ մասին հասարակությունը կիմանար, իսկ հասարակությունն ամեն օր տեսնում է այդ ցանկության բացակայության հետեւանքները»:

«Ժամանակ»-ը զրուցել է Ռուսաստանում հայտնի հայ գործարար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք ցանկանում ենք Ձեր բիզնեսը ընդլայնել Եվրոպայում: Ի՞նչ է, Հայաստանում այն խոշոր բիզնեսները, որ ունեք` ավիաընկերություն, ցեմենտի գործարան եւ այլն, ձեզ շահույթ չե՞ն ապահովում»: Պատասխան. - «Բիզնեսով զբաղվում են ոչ միայն շահույթ ստանալու համար: Բիզնեսով զբաղվում են նաեւ հաճույքի համար: Այո՛, ես Հայաստանում բիզնեսով զբաղվում եմ նաեւ հաճույքի համար»: Հարց. - «Հայաստանում Ձեր ներդրած գումարներից շահույթ ստանո՞ւմ եք»: Պատասխան. - «Ո՛չ, իմ ներդրած գումարներից շահույթ չի գալիս: Ես ձեզ ասեմ` Հայաստանում բիզնեսը մարզվում է: Եթե այստեղ կարողացար երկար աշխատել, ուրեմն արտերկրում կարող ես բիզնեսից մեծ շահույթներ ստանալ: Այստեղ մարզվում ենք: Եթե Հայաստանում մարդը գոյատեւում է աշխատելով զրոյով կամ փոքր պլյուսով, ուրեմն դրսում կկարողանա հսկայական շահույթով աշխատել: Ավելին` Եվրոպայում, առհասարակ արտերկրում հարկերը քիչ են, իսկ շահույթը` շատ»:

«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք Ձեր բիզնեսը տեղափոխել եք Ֆրանսիա, էդպե՞ս է»: Պատասխան. - «Ոչ, ես Հայաստան էլ ունեմ, Ֆրանսիա էլ ունեմ: Օշականի գինու գործարանն Աշտարակում ա: Բացի էտի, ես ուրիշ ոլորտով եմ զբաղված՝ հանքարդյունաբերությունով եմ զբաղված Հայաստանի տարբեր մարզերում: Մեծ գումարներ եմ ներդրել: Հետո ասեմ՝ ամենավատը գիտեք ինչն է, որ թերթերը գրում են ամենավատ պոզիտիվներից, պոզիտիվ բաներ են ման գալում-գտնում, իսկ իսկական, լավ լուրերով չեն զբաղվում: Խի՞ չեն ասում, որ «Արզաքանցյան հիմնադրամը» երեք տարվա ընթացքում 22 մլն դոլարից ավել աշխատանքներ ա կատարե: Թե չէ, երկու հատ աբիժնիկ դաշնակ, կյանքից աբիժնիկ, էլի, կարան վերցնեն՝ իրանց թերթով անձին կպնեն: Ես իրանց անձին չեմ կպե: Եթե կպնեմ, փիս կկպնեմ»: Հարց. - «Իսկ հնարավո՞ր է հաշտության գաք «Երկիր» թերթի հետ, որին դատի եք տվել»: Պատասխան. - «Ես իրանց թերթը թերթ չեմ համարում, հասկացա՞ք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG