Մատչելիության հղումներ

Բելառուսում ահաբեկչության հետաքննությունը շարունակվում է


Ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնցում պատկերված է ենթադրյալ ահաբեկիչը

Ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնցում պատկերված է ենթադրյալ ահաբեկիչը

Մինսկի մետրոյում ապրիլի 11-ի պայթյունի հետեւանքով 13 մարդ է սպանվել, շուրջ 200-ը վիրավորվել է: Իրավապահների ուշադրության կենտրոնում Վիտեբսկն է:

Բելառուսի իրավապահները նոր թափով են շարունակում գործի քննությունը։ Ոստիկանները Վիտեբսկ քաղաքում վերջին օրերին հարցաքննել են մի շարք քաղաքացիների:

Ռուսական ինտերնետային աղբյուրները պնդում են, որ Վիտեբսկի երեք բնակիչներ խոստովանել են այդ պայթյունը կազմակերպելու հանգամանքը, սակայն պաշտոնական Մինսկը ո'չ հերքում եւ ո'չ էլ հաստատում է այդ հաղորդագրությունները:

«Ապրիլի 18-ին էր, եկան, զանգեցին, սկսեցին հարցնել, թե ինչ ենք լսել, ինչ կասկածներ կան: Գուցե աղմուկ է եղել նկուղներում, կամ քիմիական նյութի հոտ է զգացվել», - «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակցին ասել է Վիտեբսկի մի բնակիչ:

Ըստ քննիչների` կասկածյալները պայթուցիկը պատրաստել են շենքի նկուղում ստեղծած լաբորատորիայում:

Վիտեբսկի բնակիչները խոստովանել են, թե իրավապահներն իրենց կարգադրել են չշփվել լրագրողների հետ:

Այսօրվա դրությամբ հիմնական կասկածյալներն են Դմիտրի Կոնավալովն ու Վլադ Կովալյովը: Երկուսն էլ 25 տարեկան են, երկար տարիների ընկերներ են, միասին սովորել են թիվ 35 դպրոցում:

Ընդդիմության ակտիվիստներից Իվան Շիլան, ով «Երիտասարդական խումբ» կառույցի անդամ է, 2009 թվականին բանակում ծառայել է Կոնովալովի հետ: Շիլան, ով ներկայումս գտնվում է Լեհաստանում, ասել է, որ ճանաչել է Կոնովալովին մետրոյի ներքին անվտանգության տեսախցիկի նկարահանումից:

«99 տոկոսով համոզված եմ, որ նա է։ Սկզբում առանձնապես բան չէր երեւում, բայց երբ տեսա այն կադրը, որտեղ նա պայթյունից հետո դուրս է գալիս մետրոյից, ես անմիջապես հասկացա` հաստատ նա է», - ասել է Շիլան:

Նրա խոսքերով` Կոնովալովը միջին ունակությունների զինվոր էր, ով այնուամենայնիվ կրտսեր սերժանտի կոչում էր ստացել: Շիլայի խոսքերով, Կոնովալովը որոշ գիտելիքներ ուներ քիմիայի բնագավառում: Ենթադրվում է, որ իրավապահները մինչեւ ապրիլի 23-ը մեղադրանք կներկայացնեն կասկածյալներին:

Այս օրերին Բելառուսում ճնշող մթնոլորտ է: Ոստիկանները փողոցներում ստուգումներ են անցկացնում: Շարքային մարդկանցից շատերն ահաբեկված են:

Իրավապահները մամուլից պահանջում են չհրապարակել մետրոյի ահաբեկչության մասին որեւէ հաղորդագրություն, որը համաձայնեցված չէ իշխանությունների հետ:

Հինգշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան պետք է հանդես գա ամենամյա ուղերձով: Ենթադրվում է, որ դրա զգալի մասը նվիրված կլինի այս գործի քննությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG