Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ մեքենայի ղեկին նստել ու քարուքանդ եղած ճանապարհներով այսօր հասել էր Ամասիայի շրջանի Բերդաշեն համայնք:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 50 տնտեսություն ունեցող Բերդաշենում այսօր հիմնվեց գյուղացիական առաջին կոոպերատիվը:

Համայնքում 87 միլիոն դրամի ներդրում է կատարվելու, ձեռք է բերվելու գյուղտեխնիկա, կառուցվելու է կաթի մթերման կայան, անասունների բազմացման կետ ու սպանդանոց:

«Պետությունն անում է հնարավորը իր կարողությունների շրջանակներում: Երբ կարողություններն ավելանում են, մենք փորձում են առաջին հերթին մեր ֆինանսական օժանդակությունը ուղղել առավել անապահով շրջաններին: Սոցիալապես առավել անապահով համայնքները, հեռավոր համայնքները պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում», - Բերդաշենում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Այդ սկզբունքից ելնելով էլ ընտրվել են այս համայանքները: Մենք դրա համար ենք եկել այստեղ, հանդիպում ենք բնակչության հետ, որպեսզի քննարկենք իրենց հուզող առաջնահերթ խնդիրները` սոցիալական, տնտեսական»:

Ամասիայի տարածաշրջանի սահմանամերձ, բարձր լեռնային խիստ բնակլիմայական պայմաններ ունեցող գյուղերը համարվում են ամենաաղքատ համայնքները Հայաստանում:

Վարչապետի խոսքով, Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում փորձագետների իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ այս ծրագրի իրականացմամբ կոնկրետ Բերդաշեն համայնքի տարեկան եկամուտները կավելանան մոտ 20 տոկոսով:

Համաշխարհային բանկի վարկային այս ծրագիրն արժե 21 միլիոն 330 հազար դոլար: Ծրագիրը հաշվարկված է հինգ տարվա համար` 2011-2016 թթ.: Բերդաշենից հետո կոոպերատիվներ կստեղծվեն եւս 6 մարզերի առավել աղքատ 55 համայնքներում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG