Մատչելիության հղումներ

Ազգային արխիվը մինչեւ 2015 թվականը համացանցում կտեղադրի Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը


Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվը ծրագրում է մինչեւ 2015 թվականը համացանցում տեղադրել Մեծ եղեռնին վերաբերող շուրջ 12 հազար փաստաթուղթ:

«Դրանք այն մարդկանց գրառումներն են, ովքեր տեսել են Ցեղասպանությունը եւ մի կերպ փրկվել են», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` շարունակելով. - «1916 թվականին Հայաստանում կային մոտ 200 հազար գաղթականներ: Նրանցից մոտ 10 հազարից գրի են առել` Արեւմտյան Հայաստանի գյուղ առ գյուղ»:

Այդ փաստաթղթերը, ի վերջո, ամփոփվել են մի փաթեթում, որն այն ժամանակներից անվանվել է «Վշտապատում»: Ազգային արխիվը վերջին տարիներին սկսել է հրատարակել այդ փաստաթղթերը:

«Այդ փաստաթղթերը մինչեւ 2015 թվականը կլինեն ինտերնետում` լուսանկարը, թարգմանված, եթե հայերեն է, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, եթե թուրքերեն է` թարգմանված օսմաներեն, հայերեն», - նշեց Ազգային արխիվի տնօրենը:

Վիրաբյանը, ով Ազգային արխիվը գլխավորում է 2001 թվականից, այսօր հայտարարեց. - «Առաջին օրվանից ես բարձրաձայն հայտարարել եմ, որ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող բոլոր փաստաթղթերը բաց են ցանկացած ուսումնասիրողի համար` դա լինի նախկին Խորհրդային Միության տարածաշրջաններից, դա լինի Եվրոպայից, դա լինի Ամերիկայից, եւ անգամ թուրք պատմաբանների, ժուռնալիստների համար»:

Արձագանքելով դիտարկմանը, թե Թուրքիայում շարունակ շեշտում են, թե Հայաստանի արխիվները բաց չեն` Վիրաբյանը ասաց. - «Նրանք մի փոքր սխալվում են: Հայաստանի արխիվ ասելով` նկատի ունեն Բոստոնում գտնվող Հայ Յեղափոխական Դաշնակցության արխիվը, որը մասնավոր արխիվ է, եւ, բնականաբար, այդ կուսակցությունն է որոշում, թե ով կարող է օգտվել»:

Նա փոխանցեց, որ արդեն երկու թուրք պատմաբաններ ուսումնասիրել են մեր արխիվում իրենց հետաքրքրող փաստաթղթերը: Նրանցից մեկը, հիշեցնենք, 2005-ին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում` մաքսանենգության մեղադրանքով, երբ փորձել էր երկրից դուրս բերել Վերնիսաժից գնած հին գրքեր: Երեք ամիս անց նա ազատ արձակվեց ու մեկնեց Թուրքիա:

Վիրաբյանը փոխանցեց, որ այժմ այդ պատմաբանը ապրում է Միացյալ Նահանգներում, քանի որ վերադարձից հետո «խնդիրներ է ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ»:

Նշելով, որ Թուրքիան նույնպես հայտարարում է, որ արխիվները բաց են` Վիրաբյանը ասաց, թե հայ պատմաբանները չեն կարող աշխատել այնտեղ, քանի որ չունենք օսմաներենի մասնագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG