Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Բաքու մեկնած Ռումինիայի ղեկավարը երեկ «ԱզերԹաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը, եւ հիշեցրել է, որ Ռումինիան Թուրքիայից հետո երկրորդ երկիրն էր, որը ճանաչել է Ադրբեջանի անկախությունը։

Նա ասել է, որ ապրիլի 18-ին Բաքվում ադրբեջանական եւ ռումինական կողմերը ստորագրել են համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր։ Բասեսկուն ասել է, որ տնտեսական բնագավառում Ադրբեջանը եւ Ռումինիան ունեն կապերն էլ ավելի ընդարձակելու հնարավորություններ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Բասեսկուն ընդգծել է, որ Ռումինիայի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել եւ չկա որեւէ հանգամանք, որը կստիպեր այն փոխել։

«Մեր դիրքորոշումն այն է, որ որեւէ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել։ Հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ-ի բանաձեւերի շրջանակներում։ Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու ցանկացած փորձ պետք է համարվի միջազգային իրավունքի խախտում», - ասել է Ռումինիայի նախագահը։

«Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս է կազմում, հայկական փոքրամասնության խնդիրը պետք է որոշվի Ադրբեջանի սահմաններում եւ որոշվի միջազգային իրավունքի հիման վրա», - ընդգծել է Տրայան Բասեսկուն «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում։

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Տրայան Բասեսկուի այդ մեկնաբանությանը։

«Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել: Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրվում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ'Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները», - «Մեդիամաքս» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG