Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել հայ - թուրքական երկխոսությանը


ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոն
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոն
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում պատասխանելով նաեւ Հ1-ի թղթակցի հարցերին, անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացին եւ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործելու դեպքում քաղաքացիական օդանավերին հարվածելու` Ադրբեջանի սպառնալիքներին:

Գորդոնը նշել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ հանդիպումներում հայ - թուրքական հարաբերությունների հարցը քննարկման առարկա չի հանդիսանում։ Բայց, ընդհանուր առմամբ, նա ընդգծել է, որ շատ հաճախ թուրք գործընկերների հետ հանդիպումներում, ինչպես նաեւ պետքարտուղարի եւ նրա թուրք պաշտոնակցի հանդիպումներում հայ - թուրքական հարցը քննարկվում է. - «Որովհետեւ դա շատ կարեւոր է մեզ համար», - ընդգծել է նա։

«Անցած մի քանի տարիների ընթացքում ջանքեր գործադրվեցին` բարելավելու համար հարաբերությունները, եւ ինչպես մենք հստակ նշել ենք՝ մենք ուժեղ աջակցում ենք դրան։ Վերջերս այդ ջանքերը կանգ են առել, որի կապակցությամբ մենք ափսոսանք ենք հայտնել, որովհետեւ կարծում ենք, որ հարաբերությունները նորմալացնելու գործընթացի շարունակությունը համապատասխանում է երկու երկրների շահերին՝ վերականգնելու համար հարաբերությունները, բարեկամական հարաբերություններ ունենալ եւ բաց առեւտուր, որից երկու երկրները օգուտ կունենան։ Այնպես որ, մենք շարունակում ենք ուժեղ աջակցել ուղղակի երկխոսությանը երկու երկրների միջեւ` նորմալացնելու հարաբերությունները, եւ մենք շատ հաճախ սա ներկայացնում ենք երկու կողմերի մեր գործընկերներին», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը։

Ղարաբաղի օդանավակայանը շահագործելու դեպքում օդանավերին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ Ֆիլիպ Գորդոնն ասել է, թե «լսել են այդպիսի սպառնալիքների մասին եւ շատ արագ ու հստակ արձագանքել, որ քաղաքացիական օդանավերի նկատմամբ սպառնալիքները անընդունելի են եւ չպետք է տեղի ունենան»։

«Դրանից հետո մենք, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահները, նշել ենք, որ Ադրբեջանը հստակ ասել է, թե չի պատրաստվում դիմել այդ քայլին, եւ կարծում ենք` դա միակ կառուցողական մոտեցումն է այդ հարցի վերաբերյալ», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG