Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները դատարանում հրաժարվեցին հաշտություն կնքել օրաթերթի հետ` նշելով, որ «Ժամանակ»-ը առայսօր անբարեխիղճ վարքագիծ է դրսեւորել:

«Մենք որեւէ տեսակի հաշտության համաձայնության եզրեր այսօրվա դրությամբ չենք տեսնում», - դատարանում հայտարարեց Բելա եւ Սեդրակ Քոչարյանների շահերի պաշտպանը:

Քոչարյանների ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես, գրել է, թե նախկին նախագահի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Այսօր Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի ներկայացուցիչները պնդեցին, որ թերթում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը` պահանջելով, որ թերթը հերքի իրենց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արտավորող տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցի Քոչարյաններին հասցված 6 միլիոն դրամի չափով վնասը:

Մինչդեռ «Ժամանակ» օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում չընդունեց թերթին ներկայացված մեղադրանքները` պատճառաբանելով, որ հրապարակումներում վիրավորանք եւ զրպարտություն չկա: Փաստաբանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր օրենքը, որով անցած տարի ապաքրեականացվեցին զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունները, անորոշ է:

«Պետք է դիմել Սահմանադրական դատարան, ասել, որ օրենքը չի համապատասխանում որոշակիության սկզբունքին, որովհետեւ անհասկանալի է որտեղից է սկսվում վիրավորանքը, որտեղ վիրավորանք չէ, որ դեպքում պետք է ուզել 1 միլիոն, որ դեպքում ավելի քիչ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելի ուշ պարզաբանեց Բաղդասարյանը: - «Ասեմ, որ Քրեական օրենսգրքում հստակ սահմանված է, որ եթե անպարկեշտ ձեւ չէ, դա վիրավորանք չէ: Իսկ այստեղ [«Ժամանակ»-ի հրապարակումներում] թվարկված բոլոր արտահայտությունները պարկեշտ են, վիրավորական բան այստեղ չկա»:

«Ժամանակ»-ի փաստաբանի համոզմամբ, եթե թերթը գրում է, որ Քոչարյանները ինչ-որ կապեր ունեն դեղագործական բիզնեսի հետ, դա ոչ զրպարտություն է, եւ ոչ էլ վիրավորանք:

Այդուհանդերձ, օրաթերթը պատրաստակամություն է հայտնել հերքում տպագրել, եթե Քոչարյանները հստակ ներկայացնեն, թե խնդրո առարկա հոդվածներում տեղ գտած կոնկրետ ո՞ր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Սակայն Քոչարյանների ներկայացուցիչները այսօր վերջնականապես հայտարարեցին, որ հաշտության գնալ չեն ցանկանում:

Նիստը նախագահող դատավորն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանի վճիռը կհրապարակվի մայիսի 5-ին:
XS
SM
MD
LG