Մատչելիության հղումներ

Սիրիայի իշխանությունները զիջումների են գնում


Սիրիա - Հանրահավաք Հոմս քաղաքի կենտրոնական հրապարակում, 18-ը ապրիլի, 2011թ.

Սիրիա - Հանրահավաք Հոմս քաղաքի կենտրոնական հրապարակում, 18-ը ապրիլի, 2011թ.

Սիրիայում շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների արդյունքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը զիջումների է գնում եւ իրական բարեփոխումներ կատարում:

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` երեքշաբթի օրը կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել մոտավորապես 50 տարի շարունակվող արտակարգ դրությունը, որը սահմանափակում էր քաղաքական իրավունքները. սա ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր:

Կառավարությունը նաեւ որոշել է լուծարել Պետական անվտանգության դատարանը, որտեղ քննվում էին քաղաքական բնույթի գործերը: Իրավապաշտպանները բազմիցս նշել են, որ այս հատուկ դատարանը բռնություն էր արդար դատավարության իրավունքի եւ օրենքի գերակայության հանդեպ:

Բարեփոխումների թվում նաեւ նոր օրենքի նախագիծ է հաստատվել, որը խաղաղ ակցիաներ անցկացնելու հնարավորություն է տալիս` հանրահավաքների համար ստանալով ներքին գործերի նախարարության թույլտվությունը:

Բարեփոխումների վերաբերյալ կան նաեւ դժգոհություններ: Իրավագետներից մեկը Reuters լրատվական գործակալությանը ասել է, թե, այնուամենայնիվ, հավաքներ անցկացնելու համար ստիպված են թույլտվություն խնդրել Ասադի ընտանիքից:

Իրավաբանները նշում են, որ այս փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահ Բաշար ալ-Ասադի ստորագրությունը, բայց նաեւ նշվում է, որ դա արդեն ձեւական բնույթ կկրի, քանի որ առանց նրա հավանության այս նախագծերը չէին ընդունվի:

Բարեփոխումների մասին հաղորդագրության տարածումից ընդամենը մի քանի ժամ առաջ հերթական բախումն էր տեղի ունեցել անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ: Հոմս քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար անվտանգության ուժերը մարտական փամփուշտներ եւ արցունքաբեր գազ էին կիրառել:

Իրավապաշտպան խմբերի տվյալներով` շուրջ մեկ ամիս առաջ սկսված բողոքի ակցիաների ընթացքում Սիրիայում մոտավորապես 200 մարդ է սպանվել:

Բաշար ալ-Ասադը իր հոր` Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո 11 տարի ղեկավարում է Սիրիան: Վերջին մեկ ամսվա իրադարձությունները Ասադների իշխանության առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG