Մատչելիության հղումներ

Քրդերի հետ կապված նոր լարվածություն Թուրքիայում


Թուրքիա - Քրդերի բողոքի ցույց Դիարբեքիրում, արխիվային լուսանկար
Թուրքիա - Քրդերի բողոքի ցույց Դիարբեքիրում, արխիվային լուսանկար
Թուրքիայի կենտրոնական ընտրական խորհրդի որոշումը, որի համաձայն քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 12 թեկնածուները զրկվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից, կտրուկ կերպով սրել է քաղաքական իրավիճակը երկրում:

Երեքշաբթի օրը լայնամասշտաբ բախումներ արձանագրվեցին ոչ միայն քրդական հոծ բնակչություն ունեցող Դիարբեքիրում, Վանում եւ Հաքյարիում, այլեւ Ստամբուլում: Քրդական կուսակցության կողմնակիցները սկզբում նստացույց կազմակերպեցին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ապա շարժվեցին դեպի Աքսարայ շրջան, որտեղ էլ բախումներ տեղի ունեցան ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Ստեղծված իրավիճակին արձագանքելով` երկրի առաջատար ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ արեց թուրքական խորհրդարանի ղեկավարությանը արտահերթ նստաշրջան հրավիրել: «Մենք պարտավոր ենք հնարավոր բոլոր միջոցներով արձագանքել այս իրավիճակին: Ես կոչ եմ անում քաղաքական մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին պաշտպանել մեր առաջարկը: Եթե անհրաժեշտ է` մենք պետք է փոփոխության ենթարկենք Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը», - նշել է թուրքական ընդդիմության ղեկավարը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը արդեն իսկ ավարտել է իր աշխատանքը, եւ հաջորդ լիագում նիստը կայանալու է արդեն հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո` նորընտիր կազմով:

Թուրքիայի վերաքննիչ դատարանն էլ հայտարարել է, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել Ընտրական խորհրդի կայացրած որոշումը: «Օրենքի որեւէ խախտում այդ որոշման մեջ չի եղել», - նշել է դատարանի նախագահը:

Քուրդ գործիչներին որպես պատգամավորության թեկնածու չէին գրանցել` պատճառաբանելով նախկինում դատված լինելու հանգամանքը: Քրդամետ կուսակցության ակտիվիստները, սակայն, հիշեցնում են ,որ դատարանի այդ վճիռները քրեական բնույթի չեն եղել եւ կապ են ունեցել իրենց քաղաքական գործունեության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG