Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 20-ի մամուլ


«Առավոտ» թերթում կարդում ենք Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հարցազրույցը, որը վերջինս տվել է հայկական «Արմինֆո» գործակալությանը: Հարց. - «Միջազգային հանրությունն անարդարացի է համարում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության հետ կապված ցանկացած պահանջի հետ կապելը: Ինչպիսի՞ն են Ձեր մեկնաբանությունները»: Դավութօղլուի պատասխանը. - «Առաջին հայացքից այս երկու պրոբլեմները թվում են իրար հետ կապ չունեցող: Յուրաքանչյուրն ունի իր դինամիկան եւ բանակցությունների իր հարթակը: Մենք դա չենք ժխտում: Սակայն այս երկու գործընթացների միջեւ փոխադարձ կապն անվիճելի է, մասնավորապես Թուրքիա - Հայաստան եւ Հայաստան - Ադրբեջան կապերում: Մենք պետք է երաշխավորենք, որ այս երկու գործընթացները կպահպանեն միմյանց ուժգնացնող էֆֆեկտը, այսինքն` դրական արդյունքը մեկում կարող է առաջընթաց արձանագրել մյուսում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն արձագանքում է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի դատավճռին. - «Խաչատրյանին, այնուամենայնիվ, մեղավոր են ճանաչել եւ պայմանական պատժի դատապարտել: Իրենց մեջ ուժ չեն գտել նրան արդարացնելու, որովհետեւ այդ դեպքում պիտի պատժվեին մեղավորները` իշխանությանը հավատարիմ «պատժիչ ջոկատների» անխոնջ անդամները: Այսինքն` խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկողները, ովքեր իշխանավորների թեթեւ սուլոցով կատաղած կենդանու նման հարձակվում են կանանց ու երեխաների վրա, Սամսոնին արդարացնելուց հետո կկանգնեին դատարանի առջեւ: Եթե սրանցից մեկն էլ պատժվի, մյուսները կաշխատեցնեն իրենց գլխում պահպանված ծալքերը եւ կհասկանան, որ իրենց զոհաբերելու են: Իսկ այսպիսի հեռանկարի պայմաններում սրանց ոգեւորությունը հաստատ կպակասեր: Ուստի անհրաժեշտ է, որ մեր բոլոր քաղբանտարկյալները, ովքեր ազատ են արձակվել այս կամ այն պատճառաբանությամբ, ողողեն դատարաններն իրենց դիմումներով եւ պահանջեն արդարացման դատավճիռ»:

«Հրապարակ» թերթի խմբագրականը մեկնաբանում է նորընտիր օմբուդսմենի վերջին նախաձեռնությունները. - « Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է անդրադառնալ մեր կյանքի անկյունաքարային խնդիրներին, որոնց մեջ ներառել է սոցիալական պաշտպանությունը, հավաքների ազատությունը, սեփականության իրավունքը, խոսքի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը, բռնություններն ու խոշտանգումները եւ 2008-ի մարտի իրադարձությունների հետեւանքները: Անշուշտ լավ է, որ երիտասարդ օմբուդսմենը փորձում է իր մտահոգությունը, ինչպես նաեւ գիտելիքները ցուցադրել մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում: Կարելի է վիճել, թե ինչու այս ցանկով եւ ինչու այս հերթականությամբ: Բայց խնդիրը դա չէ, այլ ձեւը, որով նա անում է դա: Կիսագիտական, կիսադասախոսական ոճի, ընդհանուր տեղեկությունների ու հայտնի ճշմարտությունների լեզվով մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնել հնարավոր չէ»:

Հայաստանում ընթացող հայ-ռուսական միջմարզային խոշոր համաժողովի համատեքստում «Ժամանակ» օրաթերթը վերլուծում է. - « Վերջին շրջանում Հայաստանի բուռն ներքաղաքական գործընթացների, ու հատկապես դրանց հանդեպ Արեւմուտքի արձագանքներին ֆոնին, որոնք բավական կոշտ գնահատականներ են տալիս իշխանության ներկայիս քաղաքականությանը, հայ-ռուսական միջմարզային այս համաժողովը ուշագրավ երեւույթ է: Արեւմուտքը Հայաստանի իշխանությանը քննադատում է ժողովրդավարական բարեփոխումների հարցում անարդյունավետ քաղաքականության, Մարտի 1-ի սպանությունները չբացահայտելու, քաղբանտարկյալների եւ խոսքի ազատության հարցերը չլուծելու, հավաքների ազատությունը սահմանափակելու եւ կեղծված ընտրությունների համար, իսկ Հայաստանի իշխանությունը փաստորեն պատասխանում է, որ մարզ առ մարզ երիրը կհանձնի Ռուսաստանին, թեկուզ վերջում իշխեն միայն գուբերնատորի մակարդակով»:

«Երկիր» օրաթերթն անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի BBC-ին տված հարցազրույցին` նշելով. - «Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կողմերն առավել մոտ են եղել 1997 թվականին, քանի որ այն ժամանակ հնարավորություն կար լուծելու այն. որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին` կնքել հաշտություն, ստեղծել ԼՂ միջանկյալ կարգավիճակ` հետագայում վերջնականը որոշելու պայմանով: Առաջին նախագահի այս մոտեցումը փաստում է, որ նախ անցած 14 տարիների ընթացքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման նկատմամբ մոտեցումները, այլեւ իրավիճակի` Տեր-Պետրոսյանի գնահատականներն անգամ չեն փոխվել: Հակամարտության վերջնական կարգավորումը հիմա նույնքան հեռու է թվում, որքան 1997 թվականին, անկախ նրանից, թե Տեր-Պետրոսյանն ինչպես է մոտենում այդ իրողությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG