Մատչելիության հղումներ

Բեդրի Բայքամ. «Միեւնույն է` Կարսի ակցիան կայանալու է»


Թուրքիա - Նկարիչ Բեդրի Բայքամ

Թուրքիա - Նկարիչ Բեդրի Բայքամ

Բժիշկները թուրք հայտնի նկարիչ Բեդրի Բայքամի եւ նրա օգնական Թուղբա Քուրթուլմուշի վիճակը բավարար են գնահատում, սակայն նրանք դեռեւս հիվանդանոցում են:

Երկուշաբթի օրը նրանց դանակահարել էր 35-ամյա Մեհմեթ Չելիքելը, ով իր արարքը այսպես էր բացատրել. - «Նա վիրավորեց ինձ, այդ պատճառով ես նրան դանակահարեցի»:

Թուրքական լրատվամիջոցները, այդուհանդերձ, չեն բացառում, որ հարձակումը կարող է կապված լինել Կարսում հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա կազմակերպելու գործում Բայքամի մասնակցության հետ:

Ստամբուլում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տված հեռախոսազրույցում Բայքամն ասաց, թե իրենց համար շատ կարեւոր է հայ-թուրքական երկխոսությունը եւ այդ հուշարձանը դրա միակ խորհրդանիշն է:

«Մենք ցանկանում ենք փրկել այդ արձանը, սակայն, ցավոք սրտի, մեր վարչապետն ուզում է ազատվել դրանից», - նշեց Բայքամը:
Նա ասաց, որ ծրագրել էին ապրիլի 23-ին Կարսում բողոքի ակցիա կազմակերպել, եւ չնայած իր հետ տեղի ունեցած միջադեպին, ակցիան տեղի կունենա:

Ստամբուլի հայկական թերթերը չեն լուսաբանում միջադեպը


Թուրքական բազմաթիվ լրատվամիջոցները երեկ եւ այսօր անդրադարձել էին հայտնի նկարչի դեմ հարձակման լուրին` այն դարձնելով օրվա գլխավոր թեման:

Այդուհանդերձ, Ստամբուլում լույս տեսնող հայկական թերթերից ոչ մեկը միջադեպը չի լուսաբանել:

«Ակոս» շաբաթաթերթում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ նկարչի դանակահարման լուրը չեն կարեւորել, քանի որ Բայքամին ամենեւին չեն համարում հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ջատագով: «Ակոս»-ի հայալեզու բաժնի խմբագիր Բագրատ Իստուկյանն ասաց, թե սա պարզապես նախընտրական քարոզարշավ է:

«Բեդրի Բայքամը մեզ համար շատ արժեքավոր մեկը չէ, քանի որ իր կեցվածքով, գաղափարախոսությամբ ազգայնամոլ է, չնայած ի ցույց մարդկանց` ձախակողմյան է ներկայանում», - ասաց Իստուկյանը` հավելելով. - «Հայ-թուրքական թեման իր համար պատվեր էր, որովհետեւ դա իր անձնական մտահաղացումը չէր: Ընդհանրապես Հայկական հարցում պետական տեսության ջատագով է»:

«Ակոս»-ի հայալեզու բաժնի խմբագիրը նաեւ կարծիք հայտնեց, որ Բեդրի Բայքամը պարզապես պայքարում է իր ընկեր արվեստագետի արժանապատվության համար:

Հայ–թուրքական բարեկամությունը խորհրդանշող քանդակը Կարսում
Այս միջադեպից մեկ օր առաջ Կարսում սկսվել էին արձանը ապամոնտաժելու աշխատանքները: Արձանը, որը Կարսի քաղաքապետարանի պատվերով քանդակել էր Մեհմեթ Աքսոյը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «անճոռնի» էր բնորոշել եւ պատվիրել էր քանդել այն: Արձանը քանդելու համար հատուկ տեխնիկա է բերվել Ստամբուլից, որի օգնությամբ մեծ, ծանր արձանը բաժանվելու է կտորների:

Ընդ որում, քանդակագործ Մեհմեթ Աքսոյը Թուրքիայի Ժողովրդական-հանրապետական կուսակցության անդամ է, որը ներկայացնում է քեմալական գաղափարախոսությունը:
XS
SM
MD
LG