Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվում է հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (կ), Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը (ձ) եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը համաժողովի բացմանը: 19-ը ապրիլի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (կ), Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը (ձ) եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը համաժողովի բացմանը: 19-ը ապրիլի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ - ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը:

Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, Ռուսաստանի ավելի քան 20 սուբյեկտների եւ Հայաստանի մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը», - իր ողջույնի խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

«Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ - ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք միլիարդ դոլարի: Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետեւանքներից: Առավել եւս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք», - նշել է նշել է նախագահը` շարունակելով. - «Այսպիսի ներուժ եւ հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը եւ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»:

Համաժողովում ընդարձակ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանգամանորեն անդրադառնալով կառավարության տնտեսական ռազմավարությանը` ներկայացնելով բարեփոխումների յոթ հանգուցային փաթեթները, որոնք «լայն առումով, մեզ առաջ են տանում դեպի նորարարական տնտեսություն»:

Խոսելով, օրինակ, գործարարության վարման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին` Տիգրան Սարգսյանը ասաց. - «Միայն անցյալ տարի վերացվել է լիցենզիաների բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը: Ձեռնարկությունների գրանցումը հնարավոր է դարձել 15 րոպեի ընթացքում»:

Արդյունաբերության մեջ նորարարությունների ռուս-հայկական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացումը: Երեւան, 19-ը ապրիլի, 2011 թ.:
«Այսօր Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առեւտրական գործընկերն է: Նրան է պատկանում հանգուցային դերն այն ճյուղերում, որոնք կապված են Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հետ», - նշել է վարչապետը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համագործակցությունը վերջին տարիների ընթացքում հասել է «սկզբունքորեն նոր մակարդակի»:

Ավելի ուշ նախագահ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

«Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Այն բխում է մեր պետական և ազգային շահերից, արտացոլում` մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

«Իսկապես, համաժողովը ցույց տվեց, թե ինչ հետաքրքրություններ ունեն մեր երկու երկրների տարածաշրջանները: Համաժողովը տարածաշրջաններին համագործակցության մեջ ներգրավելու լավ հնարավորություն է, որն իմ կարծիքով, ավելի կամրապնդի Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերությունը», - իր հերթին նշել է Նարիշկինը:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Նարիշկինն այցելել են նաեւ Մարզահամերգային համալիրում բացված արդյունաբերական նորարարությունների հայ - ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվում են երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր եւ տեխնոլոգիաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG