Մատչելիության հղումներ

Մարկ Սաղաթելյան. «Տաշիր»-ը «բարեգործական ակցիա չէր»


Մոսկվայում վերջերս անցկացված «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներն ասում են, որ մրցանակաբաշխության շուրջ առաջացած աղմուկը բոլորովին անհիմն էր:

«Հրաշալի շոու կարողացանք կազմակերպել, թեեւ ոմանք մտածում էին, թե դա բարեգործական ակցիա էր: Իրականում դա հրաշալի, որակյալ շոու-ծրագիր էր», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցանակաբաշխության կազմակերպիչներից Հրանտ Բաբասյանը:

Մյուս կազմակերպիչը` Մարկ Սաղաթելյանն էլ ավելացրեց, որ իրենց համար զարմանալի էր մրցանակաբաշխության վերաբերյալ արձագանքները եւ մեկնաբանությունները:

«Մենք արել ենք բարձրակարգ շոու, այնպիսի շոու ծրագիր, որը զարմացրեց ամբողջ Ռուսաստանին եւ նաեւ սփյուռքի հայերին», - հայտարարեց Սաղաթելյանը:

Նա արձագանքեց նաեւ մրցանակաբաշխությունից հետո հասարակության մեջ շրջանառվող այն խոսակցություններին, թե չի կարելի հայկական ժամանակակից արվեստը, մշակույթը ներկայացնել միայն շոու բիզնեսի կամ փոփ արտի, էստրադային ու ռաբիս երգիչների միջոցով ու նրանց նման պարգեւներ տալով, երբ Հայաստանում բազմաթիվ գրողներ, երաժիշտներ, գիտնականներ եւ առհասարակ պարզ քաղաքացիները սոցիալական ծանր վիճակում են գտնվում:

«Սա իսկապես բարեգործական ակցիա չէր, սա կոմերցիոն շոու էր, այնտեղ վաճառվում էին տոմսեր, 6000 մարդ ներկա էր Կրեմլի դահլիճում: Սա մրցանակաբաշխություն է հենց շոու բիզնեսի ասպարեզում, այսինքն բարձ մշակույթի մասին խոսք չկա: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է մշակույթը, ինչ է շոու բիզնեսը: Դրանք տարբեր բաներ են», - ասաց Սաղաթելյանը:

Նա հավաստիացրեց, որ գուցե հաջորդ տարիներին այս մրցույթը կարող է փոխել իր ձեւաչափը եւ այլ անվանակարգեր ընդգրկել, որտեղ բացի շոու բիզնեսի ներկայացուցիչներից նաեւ արվեստագետներ եւ մշակույթի տարբեր ասպարեզների անվանի դեմքեր կընդգրկվեն եւ մրցանակների կարժանանան:

«Տաշիր 2011»-ի կազմակերպիչները շեշտեցին, որ հայ գործարարները շոու բիզնեսի ներկայացուցիչներին հովանավորելուց բացի
տարիներ շարունակ Հայաստանի համար մեծ բարեգործական աշխատանք են կատարում, բայց այդ մասին բարձրաձայն չեն հայտարարում:

Մարկ Սաղաթելյանը վրդովվեց լրագրողներից մեկի հարցից, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն օգնում արվեստագետներից շատերին, ովքեր աշխատանք չունեն եւ «սոված» արվեստագետներ են:

«Սոված արվեստագետ արտահայտությունը ինձ համար շատ տհաճ է, որովհետեւ ես էլ եմ արվեստագետ: Մենք չունենք սոված արվեստագետ», - վստահեցրեց Սաղաթելյանը:

Ըստ մրցույթի կազմակերպիչների` 6000 տեղանոց դահլիճի տոմսերը 25-1500 դոլար են եղել, սպառվել են համերգից մեկ շաբաթ առաջ, եւ սա հնարավորություն է տվել նրանց ամբողջովին փակել շոուի ծախսերը` ի տարբերություն նախորդ տարիների:

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG