Մատչելիության հղումներ

Սուրբ Զատկի տոնին 5 օր է մնացել: Մայրաքաղաքի խանութներում տոնի խորհրդանիշը` հավիթը վաճառվում է 55-60 դրամ, իսկ վաճառքի ծավալները օր-օրի մեծանում են, քանի որ մարդիկ մտավախություն ունեն, որ գինը, նախորդ տարիների պես, կարող է աճել:

Մինչդեռ, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ այս տարի գների բարձրացում չի լինի:

«Հանդիպել եմ գյուղնախարարի հետ, եւ ինքը խոստացավ, որ բնակչությունը Զատիկին ձվի պակաս չի ունենալու: Զգուշացրել ենք համարյա բոլոր սուպերմարկետների տնօրեններին, մանր ու միջին խանութներին… Եթե մեկ տեղ հանկարծ մի բան մենք տեսնենք, հաստատ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ կպայմանավորվենք, որ ոչ թե արտադրողին պատժել, այլ այդ խանութի տիրոջը», - ասաց Հակոբյանը:

Սպառողների ազգային ակադեմիայի մոնիտորինգի եւ մարկետինգի հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը, իր հերթին, ասաց, որ պայմանավորվածություն ունեն խոշոր թռչնաֆաբրիկաների հետ. - «Նրանց ասացին, որ գնի փոփոխություն եւ կտրուկ ծավալների փոփոխություն չի լինի»:

Հակոբյանն ու Հայթյանը միաժամանակ նշեցին, որ հնարավոր է Զատկի օրերին լինի 1 մլն ձվի դեֆիցիտ, եւ այդ դեպքում «ձուն կներկրվի ու կպահվի պահուստային ֆոնդում` հնարավոր գնաճից խոսւափելու համար», ուստի տեղական թռչնաֆաբրիկաները «թանկացումների առիթ չեն ունենա»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հիշեցնենք, մեկ ամիս առաջ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը ճանաչել էր գերիշխող դիրքը չարաշահող եւ 80 մլն դրամի տուգանք նշանակել` անցյալ տարվա դեկտեմբերի 23-27-ը ձվի դեֆիցիտ առաջացնելու համար: Ընկերությունը պատրաստվում է տուգանքը բողոքարկել դատարանում:

Չնայած թռչնաֆաբրիկաների եւ գյուղնախարարության տված խոստումներին` մարդիկ մտավախություն ունեն, որ այս տարի նույնպես ձվի գինը Զատկի օրվա մոտենալուն զուգահեռ կբարձրանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG