Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվում է հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ - ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, Ռուսաստանի ավելի քան 20 սուբյեկտների եւ Հայաստանի մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, ընդգծելով, որ այս մասշտաբային միջոցառումը, որը Երեւանում է հավաքել երկու երկրների պետական կառավարման կենտրոնական եւ տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի եւ հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը», - ասել է Հայաստանի նախագահը:

«Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ - ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք միլիարդ դոլարի: Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետեւանքներից: Առավել եւս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք», - նշել է Սերժ Սարգսյանը: - «Այսպիսի ներուժ եւ հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը եւ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Նարիշկինն այցելել են նաեւ Մարզահամերգային համալիրում բացված արդյունաբերական նորարարությունների հայ - ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվում են երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր եւ տեխնոլոգիաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG