Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի խորհրդարանը չեղյալ հայտարարեց ռազմական բեռների տարանցման մասին վրաց-ռուսական համաձայնագիրը


Երկիր-օդ հրթիռներ Գյումրիի ռազմակայանում

Երկիր-օդ հրթիռներ Գյումրիի ռազմակայանում

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջարկը` չեղյալ հայտարարելով 2006-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխադրումը:

Համաձայնագրի ժամկետը լրանում էր նոյեմբերին, եւ եթե վրացական կողմը դրա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարեր դադարեցման մտադրության մասին, ապա Մոսկվայի հետ կնքված համաձայնագիրը մեխանիկորեն կերկարաձգվեր:

Միխեիլ Սահակաշվիլիի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն այսօր կեսօրին հրավիրած ասուլիսում այսպես էր բացատրում համաձայնագիրը չեղյալ հայտարարելու նպատակահարմարությունը. - «Համաձայնագիրը թեեւ 2006-ին է կնքվել, բայց 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո այն զուտ ձեւական բնույթ էր կրում»:

Խորհրդարանում պաշտոնական պարզաբանումները ներկայացնում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն. - «Միանգամայն բնական է, որ 2008-ի օգոստոսին Ռուսաստանի կողմից ձեռնարկված ագրեսիայից հետո Վրաստանը հնգամյա ժամկետը լրանալուն պես պետք է չեղյալ հայտարարեր այս համաձայնագիրը: Վերջին անգամ Վրաստանի տարածքով Ռուսաստանը դեպի Գյումրիի ռազմակայան փոխադրումներ է իրականացրել 2008-ի հուլիսին: Օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվան մեզ մեկ անգամ էլ դիմեց նման խնդրանքով, սակայն Թբիլիսիում այդ դիմումը մերժեցին»:

Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկը` Ալեքսանդր Գոլցը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում մեկնաբանելով վրացական կողմի այս նախաձեռնությունը, նշում է. - «Ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: Թույլ տվեք հիշեցնել, որ ռուսական բանակը զորակոչային հիմքի վրա է համալրվում: Դա նշանակում է, որ կես տարին մեկ Գյումրիում անձնակազմի փոփոխություն է տեղի ունենում: Երբ դա անհնարին է դառնում` ռազմակայանը լուրջ բարդությունների առջեւ է կանգնում»:

Նրա կարծիքով, սակայն, Ռուսաստանը մի շարք այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք թույլ կտան կազմակերպել ռազմակայանի անխափան մատակարարումը:

«Շատ տարբերակներ կան: Կարելի է այդ մատակարարումներն իրականացնել շրջանցող օդային ուղով` մեկ այլ պետության օդային տարածքով: Մյուս տարբերակն էլ Գյումրիում անհրաժեշտ ամեն ինչի մեծ պաշարների ստեղծումն է: Դրան զուգահետ կարելի է Գյումրիի ռազմակայանի անձնակազմը տեղափոխել պայմանագրային հիմքի վրա», - նշում է Գոլցը:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք վրացական կողմից հարուցված բարդությունները ի վերջո ստիպել ռուսական կողմին հրաժարվել Գյումրիում ռազմակայան ունենալու մտքից, Ալեքսանդր Գոլցը արձագանքեց. - «Ոչ միայն Ռուսաստանն է շահագրգռված այս ռազմակայանի պահպանմամբ, այլեւ Հայաստանը: Քանի դեռ երկու կողմերն էլ ցանկանում են, որ այս ռազմակայանը լինի, այն կշարունակի գործել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG