Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Մենք այժմ մեկ հիմնախնդիր ունենք»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ, Երեւան, 1-ը մարտի, 2011թ.

Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ, Երեւան, 1-ը մարտի, 2011թ.

Կողմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առավել մոտ են եղել 1997 թվականին, BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«1997 թվականին հնարավորություն կար լուծելու այդ խնդիրը: Այսինքն` ինչ-որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, կնքել զինադադար եւ այլն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետո արդեն լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը», - մանրամասնել է Տեր-Պետրոսյանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, Հայաստանի առաջին նախագահը պատասխանել է. - «Դե, որովհետեւ ղարաբաղցիները համարում էին, որ դա քիչ է, մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, թե կարելի է ավելի սեղմել ու շատ ստանալ: Ոչ միայն ղարաբաղցիները` իմ շրջապատում, իմ թիմում մարդիկ կային, որոնք համոզված էին, որ դա այսպես է: Նրանք չգնացին այդ ծրագրին: Այն ժամանակ ես նրանց ասացի` եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ` ես հո չե՞մ կարող ձախողել այդ լուծումը: Փորձեք` միգուցե ստացվի»:

Հարցազրույցում պատասխանելով Խորհրդային Միության փլուզումից անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին եւ կորուստներին վերաբերող հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է. - «Չափումները շատ են: Նայած` ինչ չափումներից ես ելնում: Տնտեսական եւ սոցիալական չափումների դեպքում` անշուշտ, անկում կա, դա փաստ է: [...] Բայց` ոչ միայն հացիվ: Կան անկախության երեւույթները, կան ժողովրդավարության երեւույթները, որ մենք ստացանք, կան խոսքի ազատության երեւույթները, կա խղճի ազատության ձգտում` այդ ամենը մենք ձեռք բերեցինք»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը եւս 20 տարի անց, Հայաստանի առաջին նախագահը արձագանքել է. - «Ես լավատես եմ: Մենք այժմ մեկ հիմնախնդիր ունենք` մեզ մոտ աղճատված է իշխանությունը: Վերականգնելով դա` ամեն ինչ իր տեղը կընկնի, կլինի նորմալ երկիր, ազատ երկիր, ե'ւ Ադրբեջանի հետ հարցերը կլուծվեն, ե'ւ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն»:

«Այսինքն, եթե, չգիտեմ, Հայաստանը կանգնի աղետալի իրավիճակի առջեւ, մեղքը մերը կլինի: Միայն մերը», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG