Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը իշխանություններին կոչ է անում կատարել միջազգային հանրության եւ ընդդիմության պահանջները


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր հանդես է եկել իշխանություններին ուղղված հայտարարությամբ, որում հույս է հայտնում, որ «վարչախումբը վերջապես կհրաժարվի որեւէ իշխանության անհարիր «տղայական» վարքագծից, շուտափույթ քայլեր կանի ընդդիմության, այսօր արդեն՝ նաեւ միջազգային հանրության կողմից առաջադրված պահանջների կատարման ուղղությամբ, ինչը բխում է երկրի ու ժողովրդի, իսկ վերջին հաշվով՝ նաեւ իրենց շահերից»:

Հայտարությունում ՀԱԿ-ը նշում է, որ վերջին մի քանի օրերին իշխանությունների պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին երեք հարված է հասցվել է` վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը, ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010-ի «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջեւ Հայաստանը ներկայացրել է որպես մի բռնապետություն եւ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ առանձնացրել են Մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատճառով խախտվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավուքը։

«Այս հարվածները Հայաստանին հասցվել են միայն ու միայն այն պատճառով, որ ռեժիմը, իր ոչ լեգիտիմության բերումով, շարունակում է կառչած մնալ գործելակերպի բռնապետական ու հակաօրինական մեթոդներին, ի զորու չէ առաջնորդվել քաղաքական մտածողությամբ, առավել եւս՝ չի գիտակցում եւ չի առաջնորդվում պետական շահերով», - ասված է հայտարարությունում:

Պահանջները չկատարելու արդյունքը, ըստ ՀԱԿ-ի, ոչ միայն այն է, որ «թունավորված է մնում երկրի ներքաղաքական մթնոլորտը, այլ նաեւ դրա պատճառով Հայաստանի ժողովուրդը զրկվում է լուրջ օգնությունից, իսկ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում թուլանում են Հայաստանի դիրքերը, ընկնում է նրա հեղինակությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG