Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով որեւէ նոր բացահայտում չկա


Մարտի 1-ի բախումների ժամանակ զոհվածների հարզատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում, արխիվ
Մարտի 1-ի բախումների ժամանակ զոհվածների հարզատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում, արխիվ
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը տեղեկացնում է, որ վերջին շրջանում այդ գործի համար նշանակություն ունեցող «որեւէ նոր բացահայտում չի եղել եւ որեւէ նոր վկա ի հայտ չի եկել»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վահագն Հարությունյանը նաեւ փոխանցեց, որ վերջերս մարտի 1-ի հետ կապված հարցաքննություններ եղել են: Չցանկանալով անուններ տալ` քննչական խմբի ղեկավարը նշեց, թե հարցաքննվել են մարդիկ, որոնց միջոցով փորձել են նոր տեղեկատվություն ստանալ դեպքերի վերաբերյալ, սակայն գաղտնիությունից ելնելով, նրանց անունները չեն կարող հրապարակել: Հարությունյանի փոխանցմամբ, էական արդյունքներ չկան, եւ եթե լինեին, ապա հանրությունը տեղյակ կլիներ այդ մասին:

Արձագանքելով Հատուկ քննչական ծառայության հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ 3 տարի շարունակ նախաքննությանը չի հաջողվում պատասխանել մի պարզ հարցի, թե ո՞ւմ գործադրած զենքերից սպանվեցին 10 անձինք, քննչական խմբի ղեկավարը արձագանքեց, թե քննադատողները նախ եւ առաջ թող ասեն` ինչո՞վ են փորձել այդ հարցին օգուտ տալ: Ավելին, ըստ նրա, անցած 3 տարիների ընթացքում քննադատողները որեւէ էական հանգամանք չներկայացրեցին կոնկրետ մահվան, վնասվածքների եւ թալանի դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով զեկուցողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են քրեական գործով կատարված ամբողջ աշխատանքը եւ տվել են բացատրություն, որ քննությամբ արվել է հնարավորը` այդ դեպքերը բացահայտելու համար: Հարությունյանի փոխանցմամբ` չբացահայտելը դեռեւս չի նշանակում, որ դա անգործության արդյունք է. աշխարհում հազարավոր դեպքեր կան, որ մինչ օրս բացահայտված չեն:

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչն է խանգարում Հատուկ քննչական ծառայությանը պարզել, թե ովքեր են սպանել 10 մարդկանց, Հարությունյանն ասաց` օրինակ, պարզվել են, թե ովքեր են կրակել «Չերյոմուխա»-ից , բայց հնարավոր չէ նույնականացնել զենքերը եւ պարզել, թե կոնկրետ 4 ոստիկաններից որ մեկի արձակած կրակոցից է մահը վրա հասել:

Հարցին, թե «Չերյոմուխա»-ից սպանվել էր 3 մարդ, ի՞նչն է խանգարում բացահայտել, թե ովքեր են մարտի 1-ին հրազեն կիրառել, Հարությունյանը պատասխանեց. - «Մեր տիրապետման տակ եղած բոլոր զենքերը համեմատվել են հայտնաբերված գնդակների հետ, համընկնում չենք գտել, բայց կոնկրետ կրակող զենքը չի հայտնաբերվել: Բացի այդ չունենք ականատեսների, վկաների առհասարակ որեւէ բազա, որի միջոցով գոնե կկարողանայինք մոտավորապես պատկերացում կազմել, թե ինչ հանգամանքներում է եղել: Ամեն դեպքում քննությունը կարողացավ հասնել նրան, որ հնարավորինս պարզեցինք, թե կոնկրետ այդ մահացած 10 անձանցից ով որտեղ է գտնվել վերջին անգամ եւ մահացու վնասվածքը որտեղ է ստացել, իսկ ավելի մանրամասն որեւէ վկայություն, ցուցմունք այդպես էլ ի հայտ չեկավ»:

Հակադարձելով Հարությունյանին` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական կենտրոնի համակարգող, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանջիրյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ զենքերը, որոնցից մարդիկ են սպանվել, չեն բացահայտվում, քանի որ իշխանությունները պարզապես չեն ցանկանում, որ դրանք հայտնաբերվեն:

«Մինչեւ հիմա քննությունը չի բացահայտել, թե 6 օլիգարխներին պատկանող զինված, ապօրինի այդ միավորումները որտեղ են կրակել, որտեղ են գործել: Ես վստահ եմ նաեւ, որ բանակային այն ստորաբաժանումների զենքերը, որոնք մասնակցել են [մարտի] 1-2-ին, նախաքննական մարմինը չի առգրավել, փորձաքննության չի նշանակել», - ասաց Ջհանգիրյանը` հավելելով, թե Հատուկ քննչական ծառայության նպատակը ի սկզբանե մեղքը ընդդիմության վրա բարդելն է եղել:

Արձագանքելով քննչական խմբի ղեկավարի այն պնդմանը, որ եթե ընդդիմությունը կոնկրետ փաստեր ունի, ապա թող հրապարակի դրանք, Ջհանգիրյանը ընդգծեց, թե իշխանափոխությունից հետո կտեսնեն, թե ինչքան շատ փաստեր կհայտնաբերվեն: Նրա խոսքով` հիմա ոչ ոք չի համարձակվի Հատուկ քննչական ծառայությանը որեւէ փաստ ներկայացնել, քանի որ բոլորն էլ տեսել են, թե ինչպես են տուժողները միանգամից վերածվում մեղադրյալների: Նախկին զինդատախազի համոզմամբ` մարտի 1-ի հետ կապված ամենաշատ փաստերն ու տվյալները ունի հենց մարտի 1-ի գործով քննչական խումբն ու նրա ղեկավարը:

«Ես քննչական ծառայության մասնագիտական ունակությունները լավ գիտեմ: Եթե իրենց թույլ տան, 10 օրում բոլոր մեղադրանքները ներկայացված կլինեն, ուղղակի քաղաքական այդպիսի սանկցիա չունեն», - ասաց Ջհանգիրյանը:

Հավելենք, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, բայց անցած 3 տարիների ընթացքում առայսօր չի հարցաքննվել ո'չ Պաշտպանության նախկին նախարարը, ո'չ էլ նախկին ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG