Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Վրաստանը գոհ են ռազմական համագործակցության ներկա ընթացքից


Երկու երկրների պաշտպանության նախարարները կարծիք են հայտնել, որ տարբեր անվտանգության համակարգերի ինտեգրվելու փաստը չի կարող խանգարել հայ-վրացական ռազմական համագործակցությանը:

Երեւանում իր Հայաստանցի պաշտոնակցի հետ երկուշաբթի օրը կայացած համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երկու երկրների ռազմական համագործակցության վրա ի՞նչ ազդեցություն են ունենում անվտանգության տարբեր համակարգերի` ՀԱՊԿ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հանգամանքն ու ռուս-վրացական չկարգավորված հարաբերությունները, հայտարարեց. - «Հայ-վրացական հարաբերությունները յուրահատուկ են, եւ ոչ մի ուժ չի կարող խանգարել երկու երկրների համագործակցությանը, որը համոզված եմ` առաջիկայում ավելի ամրապնդվելու է»:

Նույն հարցի առնչությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ երկկողմ ձեւաչափերում եւ անվտանգության տարբեր համակարգերի շրջանակներում միջազգային համագործակցությունը Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է:

«Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին չեն խանգարում, որովհետեւ բոլոր համակարգային անվտանգային խնդիրների լուծման մեջ բոլոր համակարգերն ու բոլոր պետություններն էլ տեսնում են միայն ու միայն հակամարտությունների, կամ գոյություն ունեցող խնդիրների լուծման մեկ` բանակցային, երկխոսության, խաղաղ պայմաններում լուծման ճանապարհ», - նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

Արձագանքելով ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին` Վրաստանի պաշտպանության նախարարն ասաց. - «Բոլոր հակամարտությունները, որոնք գոյություն ունեն Կովկասում, պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով»:

Երկու նախարարները գոհունակությամբ խոսեցին երկու երկրների ռազմական համագործակցության ներկա ընթացքի մասին:

Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասաց. - «Հայ-վրացական ռազմական համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է` ընդգրկելով խաղաղապահության, ռազմակրթության, ռազմական վարժանքների եւ այլ ոլորտներ: Այդ համագործակցությունը նպատակ ունի ապահովել փորձի փոխանակում եւ ձեւավորել փոխվստահության մթնոլորտ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների խաղաղ կարգավորման շուրջ»:

Հայաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ իր վրաստանյան գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

«Գտնում ենք, որ մեր երկու երկրների համագործակցության շրջանակներում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանումը ամենակարեւոր ուղղություններից է», - նշեց Սեյրան Օհանյանը:

Սա Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան: 2011-ին Հայաստան էր այցելել Վրաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Նոդար Խարշիլաձեն, իսկ նույն թվականի փետրվարին այցով Վրաստան էր մեկնել Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG