Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը կարեւորում է երկրում «պատշաճ ընտրությունների» անցկացումը


Առաջիկայում Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ երկու զեկույցներ կհրապարակվեն:

Դրանցից առաջինը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցն է, որը կհրապարակվի մի քանի օրից: Զեկույցի սեւագիր տարբերակը մեկնաբանություններ ստանալու նպատակով արդեն իսկ ուղարկվել է Հայաստանի իշխանություններին:

Երկրորդը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողների զեկույցն է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ, որը կներկայացվի ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում:

«Հայաստանի հարցը ենթադրաբար կքննարկվի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում», - այսօր լրագրողներին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Համազեկուցողները անցած շաբաթավերջին Հայաստանի վերաբերյալ հայտարարություն էին տարածել, որում նշել էին, թե` «եկել է նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակը»։ Խոսքը նաեւ մարտիմեկյան իրադարձություններում զոհված 10 անձանց սպանության հանգամանքների ոչ բավարար հետաքննությանն ու ետընտրական իրադարձություններում դերակատարություն ունենալու համար որոշ մարդկանց անազատության մեջ պահելու մասին էր:

Համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ էին արել իրականացնել բարեփոխումների ծրագիրը` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների:

Նման ձեւակերպում` սոցիալական խռովությունների մասին, առաջին անգամ է տեղ գտնում եվրոպացի պաշտոնյաների գնահատականներում:

Դավիթ Հարությունյանը, սակայն, շատ բնական համարեց այդ հայտարարությունը` կարծիք հայտնելով, որ գնահատականը վերաբերում է ապագայում պատշաճ ընտրությունների անցկացմանը:

«Իսկապես երկրում պատշաճ ընտրությունների անցկացումը հույժ կարեւոր է: Գաղափարը հենց դրան է վերաբերում», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի հարցը քննարկվել է նաեւ Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Դավիթ Հարությունյանը ասում է, որ այս փուլում քննարկումները հրապարակման ենթակա չեն:

«Սակայն պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ այն համահունչ է այն հայտարարության հետ, որը տեղի ունեցավ համազեկուցողների վերջին այցից հետո Հայաստան», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե համազեկուցողներին բավարարո՞ւմ է Հայաստանում կատարվող քայլերի ընթացքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Ընդհանուր գնահատական չկա: Նրանք ավելի շատ դիտարկում են ընթացքը, եւ շատ հարցերի վերաբերյալ ընթացքը համարում են դրական: Այնուամենայնիվ, որոշակի հարցերում համարում են, որ արդյունքը դեռեւս բավարար չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG