Մատչելիության հղումներ

WikiLeaks. Միացյալ Նահանգները ֆինանսավորել է Սիրիայի ընդդիմությանը


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնի ֆինանսավորել է Սիրիայի ընդդիմությանը եւ գումարներ տրամադրել նրանց օժանդակող ծրագրերի, այդ թվում` Լոնդոնում հիմնադրված «Բարադա» հեռուստաընկերության համար.
համենայնդեպս, այդ են պնդում WikiLeaks կայքի գաղտնազերծած վերջին դիվանագիտական փաստաթղթերը, որոնք հրապարակել է The Washington Post-ը:

Փաստաթղթերի համաձայն, մասնավորապես, 2006 թվականից սկսած Վաշինգտոնը շուրջ 6 միլիոն դոլար է տրամադրել «Բարադա» հեռուստաընկերությանը, որն աջակցում է վտարանդի ընդդիմադիրների հիմնած «Արդարություն եւ զարգացում» շարժմանը: Հեռուստաընկերությունը, ըստ The Washington Post-ի, սկսել է հեռարձակումները 2009 թվականի ապրիլից, սակայն առավել ակտիվացրել է գործողությունները վերջերս` երկրում սկիզբ առած հակակառավարական ցույցերը լուսաբանելիս։

«Սիրիայի ընդդիմադիր առաջնորդները Միացյալ Նահանգներից գումարներ են ստացել դեռ նախագահ Ջորջ Բուշի օրոք` այն բանից հետո, երբ վերջինս 2005 թվականին սառեցրեց ԱՄՆ-ի հարաբերությունները Դամասկոսի հետ», - գրում է The Washington Post-ը` հավելելով. - «Ֆինանսական աջակցությունը, սակայն, շարունակվել է նաեւ նախագահ Բարաք Օբամայի օրոք, անգամ այն ժամանակ, երբ վերջինս ջանքեր է գործադրել Ասադի հետ հարաբերությունները վերականգնելու համար»։

2010 թվականի հունվարին Սպիտակ տունը վերջին 6 տարիների մեջ առաջին անգամ դեսպան նշանակեց Դամասկոսում եւ հայտարարեց հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։

Հայտնի չէ` արդյո՞ք ԱՄՆ-ի վարչակազմը մինչ օրս շարունակում է Սիրիայի ընդդիմության ֆինանսավորումը, սակայն փաստ է, որ ծրագրերից մեկով գումարներ են հատկացվել առնվազն մինչեւ 2010 թվականի սեպտեմբերը։ Ընդ որում, վերջին տարիներին Սիրիայում գործող ամերկացի դիվանագետները զգուշացրել են, որ այս ծրագրերը կարող են վտանգի տակ դնել Բաշար ալ-Ասադի հետ հարաբերությունները ջերմացնելու` պաշտոնական Վաշինգտոնի ցանկությունը։

«Միացյալ Նահանգների կողմից անօրինական քաղաքական խմբավորումներին տրամադրված ցանկացած գումար Սիրիայի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես աջակցություն իշխանափոխությանը», - Պետդեպարտամենտ ուղարկած հեռագրում փաստել է 2009-ին Դամասկոսում գործող բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը եւ առաջարկել վերանայել ծրագրերը, որոնք աջակցում են Սիրիայի ներսում եւ սահմաններից դուրս գործող ընդդիմությանը։

«Պետդեպարտամենտը հրաժարվում է մեկնաբանել գաղտնազերծված փաստաթղթերի հավաստիությունը եւ որեւէ տեղեկություն չի տրամադրում «Բարադա» հեռուստաընկերությանը տրված ֆինանսավորման մասին», - գրում է The Washington Post-ը։ Այդուամենայնիվ, թերթի հետ զրույցում Մերձավոր Արեւելքի հարցով փոխպետքարտուղարի տեղակալ Թամարա Վիթեսը պնդել է, թե «Պետդեպարտամենտը աջակցում է ոչ թե քաղաքական կուսակցություններին եւ շարժումներին, այլ` որոշակի սկզբունքների»։

«Սիրիայում եւ այլուր բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք փոփոխություն են պահանջում իրենց կառավարություններից: Դա է այն օրակարգը, որին մենք հավատում ենք եւ որին մենք պատրաստվում ենք աջակցել», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG