Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում մեկնաբանում են Ադրբեջանի օդուժի զորավարժությունները


Մի-17 ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Մի-17 ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Փորձագետներ Ռուբեն Մեհրաբյանը եւ Արա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մեկնաբանեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտ ադրբեջանական շուրջ մեկ տասնյակ ռմբակոծիչների եւ ուղղաթիռների` նախորդ շաբաթ անցկացված վարժական թռիչքները:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի տպավորությամբ` ղարաբաղա - ադրբեջանական սահմանային հերթական լարվածությունը կապված է Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ստեղծված աղմուկի հետ:

«Այն, որ Ստեփանակերտի օդակայանը գտնվում է ռազմական ներկայիս իրավիճակի տեսակետից վտանգավոր գոտում, հայտնի է: Եվ առանց փորձելու հարցին միջազգային ձեւաչափերում լուծում տալու, խոսելով օր առաջ առաջին չվերթը կազմակերպելու մասին, այն էլ ` առաջին ուղեւորը լինելու պատրաստակամությունն ամենաբարձ մակարդակով հայտնելու պարագայում, Ադրբեջանի ղեկավարության այս պատասխան քայլը, այս պահվածքը ոչ միայն հաշվարկելի էր եւ սպասելի էր, այլեւ կարող ենք ասել, որ Ադրբեջանի համար սա առիթ հանդիսացավ` խիստ ցանկալի առիթ, նման պահվածքի համար: Որովհետեւ հարցերը այսպես չեն լուծվում», - ասաց Մեհրաբյանը:

«Սա եւս մեկ անգամ պերճախոս կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ոչ միայն ունակ չեն եւ չեն ցանկանում մեղմել դիմակայությունը Ղարաբաղում, այլեւ կարող են իրենց անպատասխանատու քայլերով եւ պահվածքով վտանգել տարածաշրջանային խաղաղությունը: Եվ նրանց մտահոգում է ոչ թե կոնֆլիկտի իրական կարգավորումը, այլ այդ կոնֆլիկտի ուղղակի գործածումը ներքին ժողովրդական դիմադրությունը բարոյազրկելու եւ կոտրելու համար», - հայտարարեց քաղաքագետը` հավելելով. - «Սա պետք է զգոն պահի միջազգային հանրությանը, երկու երկրների հասարակություններին, եւ բերի շատ որոշակի հետեւությունների»:

Հարցին` կլինի՞ արդյոք այս անգամ ինչ-որ արձագանք, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. - «Համենայն դեպս, ես սպասում եմ նման արձագանք, որովհետեւ սա իրոք վտանգում է կոնֆլիկտի գոտում, այսպես ասենք` հարաբերական անդորրը, եւ կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»:

Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանի գնահատմամբ, մինչդեռ, Ադրբեջանում տիրում է այնպիսի իրավիճակ, երբ տեղի ունեցող իրադարձությունները կարող են բերել «գունավոր» հեղափոխության, եւ իշխող վարչակարգին պարզապես անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը շեղել արտաքին թշնամու վրա:

«Նախատեսվում է եռանախագահ երկրների ներկայացուցիչների այցը շուտով` մայիսի վերջերին, Վաշինգտոն, որտեղ պետք է նրանք ներկայացնեն ընդհանուր մոնիտորինգի արդյունքները, եւ հանդիպում Պետական դեպարտամենտում տիկին Քլինթոնի հետ: Այսինքն, ելնելով այս ընդհանուր իրավիճակից` Ադրբեջանին ձեռնտու է շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից արտաքին թշնամու` ի դեմս Լեռնային Ղարաբաղի, հարցերում», - ասաց Արա Սարգսյանը: - «Երկրորդը, [ապրիլի] 14-ի առավոտյան, երբ ադրբեջանական օդային ուժերի 4 ռմբակոծիչ եւ 9 ուղղաթիռ կատարել են ուսումնառազմական վարժանքներ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, դա բառացի ուժի ցուցադրում է` միանշանակ: Կա նաեւ համապատասխան ինֆորմացիա առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են հետեւել օբյեկտին, այսինքն` անհրաժեշտության դեպքում կարող էին, եթե լիներ խախտում օդային տարածքի, ապա համապատասխան հակամիջոց կիրառել»:

«Այդ առումով մտահոգիչ առայժմ ոչինչ չեմ տեսնում, բայց մտահոգիչը այն է, որ ընդհանուր գործողությունները տեղի են ունենում մի ժամանակ, երբ ամբողջ տարածաշրջանում, արաբական աշխարհում հեղափոխությունների ալիքը կարող է անցնել նաեւ Ադրբեջան եւ Իրան: Սա է խնդիրը, եւ եթե այդ կոնտեքստում նայենք, ապա շատ վտանգավոր գործողությունների է գնում իշխող վարչակարգը Ադրբեջանում, որը կարող է բերել նոր ռազմական գործողությունների», - ընդգծեց
Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG