Մատչելիության հղումներ

Ոստիկանները Բաքվում կասեցրել են բողոքի ցույցի փորձերը


Ադրբեջան - Բողոքի ցույցը Բաքվի կենտրոնում, 17-ը ապրիլի, 2011թ.

Ադրբեջան - Բողոքի ցույցը Բաքվի կենտրոնում, 17-ը ապրիլի, 2011թ.

Կիրակի օրը Բաքվում ոստիկանները քաղաքի մի շարք թաղամասերում կասեցրել են բողոքի ցույց կազմակերպելու` ընդդիմության փորձերը:

Մի խումբ ակտիվիստներ վանկարկել են «Ազատություն» եւ «Հրաժարական» կարգախոսները, սակայն դեպքի վայր ժամանած Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն անմիջապես լռեցրել են նրանց։

«Հանրային խորհուրդ» կառույցը, որը միավորել է ընդդիմադիր մի շարք կազմակերպությունների, հաղորդել է, որ ձերբակալված է շուրջ 60 մարդ։ Նրանց թվում հայտնվել է նույնիսկ 5-ամյա մի աղջնակ, ով ցույց կազմակերպելու փորձի ժամանակ վանկարկել է «Ազատություն»:

Ժողճակատի ղեկավար Ալի Քերիմլիի պնդմամբ` կիրակի օրը ձերբակալվել է առնվազն հարյուր մարդ:

«Հարյուրից ավելի մարդ է ձերբակալվել, մի քանի վայրերում նրանք կարողացել են կարգախոսներ վանկարկել, հարյուրից ավելի ձերբակալվածների դեպքում չի կարելի ասել, թե ակցիան ձախողվել է»,- հայտարարել է Քերիմլին:

Կուսակցության փոխնախագահ Ֆաիգ Ամիրովի խոսքերով` ձերբակալվածների թվում են Ժողճակատի փոխնախագահներ Գյոզալ Բայրամովան եւ Շաքիրա Աբասովան, ինչպես նաեւ կուսակցության կանանց խորհրդի նախագահ Սոլմազ Հուսեյնովան, ակտիվիստներ Ռամիզա Ախադովան եւ Սաադաթ Գաբիլգիզին:

Իրավապահները ձերբակալվածներին փոխադրել են Բաքվի Յասամալի եւ Նասիմի շրջանների ոստիկանության բաժանմունքներ:

«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին ասել է, թե ընդդիմության բողոքի ակցիան տապալվել է:

«Լրագրողներն ամեն ինչ ուռճացնում են, ձերբակալվածների թվում լրագրողներ չկան, «Սահիլ» պուրակում ընդամենը մի քանի տասնյակ ընդդիմադիր է հավաքվել: Դա ապացուցում է, որ մարդիկ դեմ են նման ակցիաներին, դա ձախողված ակցիա էր, որը փորձել են կազմակերպել արմատականները: Հենց այս պահին շարքային քաղաքացիներն իրենց հանգիստն են վայելում պուրակում, իսկ ոստիկանները հետեւում են, որ ոչ ոք չխախտի հասարակական կարգը», - ասել է Գուրբանլին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ ապրիլի 17-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանները բաժանմունքներ են հրավիրել ընդդիմության ակտիվիստներին եւ նախազգուշացրել, որ կիրակի օրը շատ արագ կարձագանքեն ու կկանխեն հանրահավաքի ցանկացած փորձ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 15-ին նախագահ Իլհամ Ալիեւին կոչ էր արել ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG