Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանության քննիչները մտահոգված են գործընկերոջ կալանավորման կապակցությամբ


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ուրբաթ օրը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ոստիկանության քննիչները իրենց մտահոգությունն են հայտնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահան Խանզադյանի կալանավորման կապակցությամբ:

Հիշեցնենք` մամուլը գրել էր, որ Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով: Ըստ մամուլի` ձերբակալված քննիչը նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր քննիչներից մեկն է:

Հաշվի առնելով, որ ավագ քննիչի կալանավորումը մեծ անհանգստություն է առաջացրել իրավապահ համակարգի ներսում` մամուլի փոխանցմամբ, ոստիկանության 50-60 քննիչներ սպառնացել են դիմում գրել եւ ազատվել աշխատանքից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Ալիկ Սարգսյանը այսօր, փաստորեն, հաստատեց, որ քննիչները մտահոգություններ հայտնել են, բայց հերքեց, թե նրանք պատրաստվում են ազատվել աշխատանքից:

«Տպավորությունը ստեղծվեց այն պահից, երբ քննիչի ձերբակալումից հետո քննիչները, բնականաբար, իրենց մտահոգությունն էին հայտնել, հավաքվել էին Քննչական գլխավոր վարչությունում, քննարկել էին այդ հարցը գլխավոր վարչության պետի աշխատասենյակում, եւ տպավորություն ստեղծվեց, որ քննիչները կարծես թե… նույնիսկ ուզում են հրաժարվել իրենց աշխատանքից: Ես հայտարարում եմ` այդպիսի բան չկա, չունենք որեւիցե քննիչ, որը համապատասխան դիմում կամ զեկուցագիր է ներկայացրել աշխատանքից ազատվելու: Սա ուղղակի եղել է սովորական աշխատանքային քննարկում, որը, կարծում եմ, նույնպես բնական էր, որովհետեւ ձերբակալվել էր նրանց աշխատանքային ընկերը: Բայց երբ որ բացատրեցինք պատճառները, երբ որ հասկացան մարդիկ` ինչի մասին է խոսքը, նույն պահին ես կապվեցի դատախազի հետ: Պարզեցի նորից ավելի մանրամասներ եւ, կարծում եմ, նրանք ըմբռնումով մոտեցան եւ բոլորը անցել են իրենց աշխատանքին: Այսպիսի նյութ, խոսակցություն, թեմա երբեւիցե չի եղել, ինչպես կոչում են հաճախ մամուլում` բունտ, հրաժարականներ եւ այլն եւ այլն», - ասաց նա:

Ինչ վերաբերում է սպանության գործի նյութերը աղավաղելու մեղադրանքով կալանավորված բարձրաստիճան ոստիկաններին, մասնավորապես` Քրեական հետախուզության վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, Արաբկիրի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Պողոսյանին, նաեւ կարեւոր գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանին, ապա Ալիկ Սարգսյանն ասաց, թե ձերբակալված ոստիկանների մասին հայտարարություն անել չի կարող` հաշվի առնելով անմեղության կանխավարկածը:

«Քննչական ծառայություններ զբաղվում են, եւ նրանց հանցանքը հիմնավորվելու դեպքում գուցե ես կրկին առիթ կունենամ իմ խոսքն ասել: Այս պահին թողնենք, թող քննությունն ավարտվի», - ասաց նա:

«Ոստիկանության մասին» օրենքի ընդունման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը:
«Ոստիկանության մասին» օրենքի ընդունման 10-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստից հետո լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին, թե արդյոք համակարգում սկսված ինքնամաքրման գործընթացը չի կանգնեցնի ոստիկանությանը ճգնաժամի առջեւ` հաշվի առնելով, որ շարունակվում են ոստիկանների ձերբակալությունները: Ալիկ Սարգսյանը ասաց, թե ճգնաժամ ինքը չի տեսնում, պրոֆեսիոնալ կադրեր իրենք բավականաչափ ունեն, եւ հետո` մեծ քանակությամբ մարդիկ` մոտավորապես հարյուրից ավելի բարձրագույն կրթություն ունեցող անձինք դիմել են ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար:

Ի դեպ, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարվող բարեփոխումներին` Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ տարեվերջին կունենանք նոր` եվրոպական չափանիշներին համապատասխան ոստիկանություն. - «Ընդամենը կարճ ժամանակահատվածում` 1,2,3 տարիների ընթացքում դուք կունենաք եվրոպական չափանիշներին համապատասխան, բայց հայկական, հայոց մտածելակերպով օժտված հայոց ոստիկանություն»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրականացվող բարեփոխումների շրջանակում է, որ ոստիկանությունը, կարծես թե, փոխել է վերաբերմունքը ընդդիմության հանդեպ եւ Հայ ազգային կոնգրեսին պարբերաբար թույլ է տալիս հանրահավաքները շարունակել Ազատության հրապարակում, ոստիկանապետը արձագանքեց, թե երբեք ոստիկանությունը ընդդիմության նկատմամբ դաժան կամ ոչ-օրինաչափ վերաբերմունք չի ցուցաբերել: Եվ հետո, իրենք տեսնում են, որ ընդդիմությանն ասյօր «խաղաղությամբ է լցված»:

«Իսկ ինչ վերաբերվում է վերջին միտինգներից հետո Օպերայի հրապարակ թույլ տալը, ուղղորդելը, ամբողջ երթերը բարձր մակարդակի ծառայություն կազմակերպելը` մենք ինքներս տեսնում ենք ընդդիմության վերաբերմունքը, տեսնում ենք, որ նրանք ընտրել են քաղաքակիրթ ճանապարհը պայքարի, առանձնապես կոչեր չեն հնչում, որը կարող է խարխլել պետության հիմքերը կամ հասարակական կարգի անվտանգությունը վտանգել, մեր կողմից սա շատ ճիշտ քայլ էր, որեւէ մեկը մեզ դրա համար չմեղադրեց: Այսուհետեւ էլ նույն կերպ կշարունակենք` եթե միտինգները ուղղորդվեն նույն ոգով եւ որեւիցե վտանգ չսպառնան: Այս պարագայում մենք ընդդիմության հետ որեւէ խնդիր չունենք», - ասաց Ալիկ Սարգսյանը:

Հավելենք, որ վաղը ոստիկանությունը նշում է իր գործունեության 10-րդ տարեդարձը` թեեւ ոստիկանությունը 20 տարվա գործունեություն ունի: Պատճառն այն է, որ «Ոստիկանության մասին» օրենքը Ազգային ժողովը ընդունել է 2001 թվականի ապրիլի 16-ին, եւ հենց այդ օրն էլ հռչակվել է Ոստիկանի օր:

Ալիկ Սարգսյանն ասաց, թե կարծում է, որ այստեղ բացթողում է եղել, քանի որ «անկախության օրվանից սկսած ոստիկանությունը ծառայել է ժողովրդին»: Հետեւաբար, ըստ ոստիկանապետի` հաջորդ տարի ինքը ներողություն է խնդրելու բոլորից, եւ 2012-ին նշելու են ոստիկանության ոչ թե 11-րդ, այլ 21-րդ տարեդարձը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG