Մատչելիության հղումներ

Համազեկուցողներ. «Նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակն է»


ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել ֆիշերը հայտարարել են, թե եկել է «նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակը»:

Համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում իրականացնել բարեփոխումները ծրագրերը` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում «իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»:

Ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության, ողջունելով ոստիկանության, արդարադատության եւ ընտրական համակարգերում բարեփոխումների Հայաստանի իշխանությունների բազմաթիվ նախաձեռնությունները` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը հայտարարում են, որ «այժմ այդ նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակն է»:

Նրանք ընդգծում են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, եւ «դրանք պետք է ուղեկցվեն գործող պրակտիկան եւ մտածելակերպը փոխելուն ուղղված քաղաքականությամբ»:

Այս տարվա մարտի 16-ից -17-ը Հայաստան կատարած փաստահավաք առաքելության արդյունքում Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը եզրակացրել են, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում դերակատարություն ունենալու համար որոշ մարդկանց դեռ անազատության մեջ պահելը եւ 10 անձանց մահվան հանգամանքների ոչ բավարար հետաքննությունը «շարունակում են թունավորել Հայաստանում քաղաքական միջավայրը» եւ կարող են «բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա»:

Արձանագրելով, որ Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը չեն կարողացել հայտնաբերել 10 զոհերի մահվան համար պատասխանատու որեւէ անձի` այն հիմնավորմամբ, որ բացահայտումն անհնար է ծանրակշիռ ապացույցների բացակայության պայմաններում` համազեկուցողներն ընդգծում են.- «Սպանությունների հանգամանքների պատշաճ հետաքննության` Վեհաժողովի կոչը չի վերաբերում միայն 10 զոհերի մահվան համար պատասխանատու անձանց նույնականացմանը: Հավասար կարեւորություն ունի նաեւ բացահայտելը, թե մահվան այս դեպքերը ինչպես կարող էին տեղի ունենալ հանրահավաքի ընթացքում: Կարեւոր է պարզել հրաման տվողներին եւ ներկայացնել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն` հետագա ցույցերի եւ խռովությունների ժամանակ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար»:

Ըստ համազեկուցողների եզրակացության` այն, որ «Գլխավոր դատախազությունը չի կարողանում պարզել որեւէ մեկի անհատական պատասխանատվությունը, պատշաճ քննություն չիրականացնելու հիմնավոր փաստարկ չէ»:

Հայտարարության մեջ մատնանշվում է, որ բարեփոխումների հետ կապված ներկայիս իրավիճակը` զուգորդված քաղաքական բեւեռացմամբ, եւ սոցիալական ու տնտեսական միջավայրի վատթարացումը «կարող են հանգեցնել սոցիալական խռովության վերսկսմանը, եթե իրավիճակը չկարգավորվի եւ տեղի չունենան թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ»:

«Համազեկուցողները նախատեսում են Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույց պատրաստել` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ներկայացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Երեկ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովի նիստին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եւ երկու համազեկուցողներից մեկը` Ակսել Ֆիշերը:

«Պարոն Ֆիշերը ներկայացրեց իր նկատառումները եւ տպավորությունը այցելությունից հետո, իսկ պարոն Համմարբերգը իր մասով հրապարակեց, որ պատրաստվում է շուտով ներկայացնել իր զեկույցը Հայաստանի հետ կապված եւ այս պահին այն դեռեւս գաղտնապահական է: Սակայն ուղարկել է իր զեկույցը Հայաստանի իշխանություններին, սպասում է նրանց արձագանքին, որպեսզի ամբողջականացնի իր զեկույցը», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ, այն կհրապարակվի, ամենայն հավանականությամբ, մայիսի սկզբին:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը չմանրամասնեց փակ նիստում քննարկված խնդիրները. - «Սկզբունքորեն այն բոլոր հարցերն էին, որոնք միշտ եղել են ուշադրության կենտրոնում` Մարտի 1, զանգվածային լրատվություն, ընտրական օրենսդրություն, դատաիրավական բարեփոխումներ, ոստիկանական ռեֆորմներ»:

Հարցին,թե եղել է արդյոք անդրադարձ մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Մարտի 1-ի հետ կապված` իհարկե»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր գնահատականները կներկայացնի Երեւան վերադառնալուց հետո:

Իսկ Վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատելի էր համարում, որ համազեկուցողների շեշտադրումներում տոնի խստացում կա. - «Չնայած քննադատության խստացմանը` հստակ չէ, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու ԵԽԽՎ-ն մեր իշխանությունների շարունակվող համառության դեպքում: Եվ եթե առաջարկվող փոփոխությունները չարվեն, եւ նույն ԵԽԽՎ-ի վատագույն կանխատեսումները իրականանան, հստակ չէ, թե ինչ են նրանք պատրաստ անել: Նրանք պետք է հստակեցնեն այն գործողությունները, այն պատժամիջոցները, որոնք նրանք պատրաստ են կիրառել` եթե Հայաստանի իշխանությունները իրենց վարքագիծը չփոխեն»:

Ամենալուրջ լծակը, ըստ Արման Գրիգորանի, Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքը առկախելն է. - «Քանի դեռ այդ պատճամիջոցը չի կիրառվել, Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG