Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանը, ինչպես նախօրոք հայտարարվել էր, մայիսի 9-ին չի շահագործվի:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ օդանավակայանի շահագործման կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Խնդիրը, ըստ Բաբայանի, քաղաքական չէ, այլ` կազմակերպչական:

Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են կատարվում օդանավակայանի թռիչքուղին միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը բուռն արձագանք էր գտել Ադրբեջանում: Ադրբեջանի քաղացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը:

Երեկ ամփոփելով տարածաշրջան կատարած իրենց եռօրյա այցելությունը` օդանավակայանի շահագործման խնդրին են անդրադարձել նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Համանախագահներին մտահոգում է այն, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի ծրագրած բացումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը:

Այսօր իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե օդանավակայանը անկախ ամեն ինչից կշահագործվի:

«Դա համանախագահների լիազորությունների կամ քննարկման շրջանակներից դուրս է, բնականաբար, օդանավակայանը կառուցվում է եւ պիտի շահագործվի», - ասաց Սահակյանը:

Կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասում է, որ իրենք պաշտպանում են Ստեփանակերտի օդանավակայանը շահագործելու իշխանությունների քաղաքական գիծը:

«Չեմ կարծում, որ դա սադրանք է տարածաշրջանում իրադրությունը սրելու ուղղությամբ, ընդհակառակը` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, Ղարաբաղի տնտեսության զարգացումը, կապերի ամրապնդումը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մյուս երկրների հետ, ներդրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ», - հայտարարեց Սաֆարյանը:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ծանոթանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հայտարարությանը, կարծիք է կազմել, թե ասվածն ուղղված է ադրբեջանական կողմին:

«Մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ երբ անհեթեթ, անուժ են դառնում այդ բոլոր սպառնալիքները, ադրբեջանական ղեկավարությունը կարող է նաեւ ուղղակիորեն պարտավորված լինել ավելի մեծ սադրանքների գնալու` մինչեւ իսկ պատերազմական գործողությունների, որպեսզի կարողանա արդարացնել իրեն, կարողանա դուրս գալ այդ իրավիճակից», - ասաց Շահբազյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG