Մատչելիության հղումներ

Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը


Ուոլթեր Բրյուինգը ծննդյան 113-ամյակին նվիրված մի միջոցառման ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2009թ.
Ուոլթեր Բրյուինգը ծննդյան 113-ամյակին նվիրված մի միջոցառման ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2009թ.
ԱՄՆ-ում մահացել է Ուոլթեր Բրյուինգը, ով ծնվել էր 1896 թվականի սեպտեմբերի 21-ին Մինեսոթա նահանգի Մելրոուզ ավանում: 1980 թվականից նա ապրել է Մոնթանա նահանգի Գրեյթ Ֆոլզ ավանի ծերանոցում:

Իր լավ առողջական վիճակը Բրյուինգը բացատրել է օրական միայն երկու անգամ սնվելու ռեժիմով:

«Շատ մարդիկ այս երկրում գանգատվում են, թե չեն կարողանում նիհարել։ Ես նրանց միշտ նույն բանն եմ ասում. պետք է հետեւել խիստ դիետայի, այդ դեպքում կլինեք անհամեմատ ավելի բարվոք վիճակում, կա մի պարզ օրենք` եթե ուզում եք լավ ինքնազգացողություն ունենալ, գիշերները քնելուց առաջ մի' սնվեք» ,- անցյալ տարվա հոկտեմբերին Associated Press լրատվական գործակալությանը ասել է նախկին երկաթուղային Բրյուինգը:

Նրա կինը` Ագնես Թուոքին մահացել է 1957 թվականին։ Ամուսնական կյանքի 35 տարիների ընթացքում զույգը երեխաներ չի ունեցել:

«Մենք շատ լավ էինք իրար հետ, բայց ասեմ ձեզ` նա չէր սիրում փող ծախսել», - խոստովանել էր Բրյուինգն այդ հարցազրույցում, որում անդրադարձել էր նաեւ մահվան խնդրին:

«Մենք, միեւնույն է, մահանալու ենք: Որոշ մարդիկ վախենում են դրանից: Երբեք մի' վախեցեք մահից` մենք ծնվել ենք, որ մահանանք», - ասել էր աշխարհի ամենատարեց մարդը, ով հինգշաբթի օրը վախճանվել է Գրեյթ Ֆոլզ ավանի հիվանդանոցում:

«Ինձ մեծ ցավ է պատճառել իմ լավ բարեկամի մահվան լուրը։ Նա մեծ մոնթանացի էր, նա բոլորիս սովորեցրել է այն պարզ ճշմարտությունը, որ ամեն բանում չափավորությունը երկարակեցություն է ապահովում, որ եռանդով աշխատելն ու համեստ ապրելը բավական են երջանկության համար, որ հոգու համար ամենակարեւորը ուրիշներին ինչ-որ բան տալն է», - ասել է Մոնթանայի նահանգապետ Բրայան Շվայցերը:

Ուոլթեր Բրյուինգի անունը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների 2011 թվականի գրքում որպես աշխարհի ամենատարեց մարդ` այն բանից հետո, երբ 2009 թվականին Անգլիայում 113 տարեկանում մահացել է Հենրի Էլինգհամը:

Հիմա ամենատարեց մարդն է համարվում ճապոնացի Յիրոեմոն Կիմուրան, ով հաջորդ երեքշաբթի կնշի իր ծննդյան 114-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG