Մատչելիության հղումներ

Դաշնակցությունում հակված են 2013-ի ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով


Դաշնակցության դրոշը կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, արխիվ
Դաշնակցության դրոշը կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, արխիվ
Դաշնակցության շարքերը այսօր ավելի շատ հակված են 2013 թվականի նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը:

«Մեր ընդհանուր տրամադրությունը ե'ւ այսօր, ե'ւ նախկին մի քանի ընտրությունների ժամանակ այդպես է եղել, որ մենք սեփական թեկնածուով մասնակցենք: Այո, այսօր եթե ընդհանուր մեր շարքերին, մեր կառույցին հարցնեն, շատ ավելի հակվածությունը դրան կլինի, իսկ Դաշնակցության մեջ այդպես է` մեծամասնությամբ է որոշում կայացվում», - ասաց Շահբազյանը:

Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված` հաշվի առնելով, որ կուսակցությունը ժամանակին պաշտպանել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը, դաշնակցական պատգամավորը արձագանքեց. - «Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք, նախ, ինչ-որ չափով մասնակից ենք եղել նույնիսկ նրա ծրագրի կազմմանը, այսինքն` հավանություն ենք տվել այդ ծրագրին եւ ինքներս էլ մեր կողմից առաջարկություններ ենք արել, որ ներառվել են: Այսինքն` սա համաձայնություն է անձի, քաղաքական գործչի գործունեության հետ: Բայց դրանից հետո գիտեք, որ մենք նոր իշխանության հետ ունեցանք տարակարծություններ, հատկապես` արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ, եւ իրարից զատվեցինք, կոալիցիայից դուրս եկանք, եւ այս ընթացքը, որի մեջ գտնվում ենք, չի հուշում, թե վաղը մենք կարող ենք որեւէ մեկին պաշտպանել: Համենայն դեպս, այսօր չեմ կարծում, թե դա իրական, շոշափելի հեռանկար է, Սերժ Սարգսյանի դեպքում` առավել եւս»:

Դաշնակցությունը կոալիցիան լքել է 2009 թվականի ապրիլին` գլխավորապես հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ ունեցած տարաձայնությունների պատճառով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցին` Արտյուշ Շահբազյանը չբացառեց, որ դրանց նույնպես կուսակցությունը գնա միայնակ, սակայն ընդգծեց, որ այդ հարցին պետք է պատասխան տան կուսակցական ժողովները:

«Չի բացառվում, որ միայնակ մասնակցենք, սա մի շարք անգամներ տեղի է ունեցել, եւ հնարավոր է նաեւ, որ միայնակ մասնակցենք: Բայց դեռ վաղ է այդպես ասել», - ասաց Դաշնակցություն խմբակցության քարտուղարը եւ շարունակեց. - «Դարձյալ կուսակցական ընդհանուր որոշումների խնդիր է, բայց ես մեր գործելակերպը նկատի ունենալով` կարող եմ ասել, որ միավորումների մեջ մենք մտնում ենք այն դեպքում, երբ այդ միավորումների հիմքում դրվում են ծրագրեր, որոշակի քաղաքական նպատակներ, այլապես ինքնանպատակ դաշինքներին միանալը մեզ հատուկ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG