Մատչելիության հղումներ

Ապրիլի 15-ի մամուլ


«ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդհանրապես նոր ուժի պահանջարկ ցանկացած երկրում էլ, անկախ այդ երկրի բարեկեցության, ժողովրդավարության աստիճանից, միշտ էլ կլինի: Բայց նոր ուժը Հայաստանում չպետք է լինի այն, որը հնարավորինս արդյունավետ կքննադատի այսպես ասած հին կամ գործող բոլոր ուժերին` հայտարարելով, թե սրանք էլ մի բան չեն, նրանք էլ մի բան չեն, մյուսներն էլ մի բան չեն, իսկ ահա մենք` բան ենք: Դա նոր չէ: Նորը կլինի այն, երբ հասարակությանը կներկայացվի կազմակերպական նոր մոդել, գործունեության նոր ոճ, որոնք ինքնին արդեն համեմատության մեջ կլինեն եղած ուժերի կազմակերպական մոդելների եւ գործունեության ոճի հետ: Եվ եթե հասարակությունը այդ առարկայական չափորոշիչները տեսնի ու գնահատի, այն ժամանակ նա կկատարի իր ընտրությունը: Այլապես Հայաստանում շատերը կարծում են, թե բավական է հին կամ եղած ուժերին քննադատել եւ նրանց գործողություններում դավադրություններ եւ այլեւայլ բանսարկություններ «հայտնաբերել» կամ «մերկացնել», ու հասարակությունը կվազի իրենց` մերկացնողների հետեւից»:

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Կապիտալ»-ին ասում է. - «Ես հակված չեմ մտածել, որ երկրում կա սեւի եւ սպիտակի բաժանում. այդ բաժանումն արհեստական է։ Պարզապես կա իշխանություն եւ ժողովուրդ։ Ժողովուրդն ամբողջությամբ, բացառությամբ իշխանությանը մոտ կանգնած ինչ-որ նեղ շրջանակի, այսօր ընդդիմություն է եւ փոփոխություն է ուզում։ Բոլորը զգում են, որ երկիրն արդեն անդունդի եզրին է, եւ պահանջում են, որ Հայաստանում լինեն կտրուկ, արմատական փոփոխություններ։ Այս պահանջը միավորել է ժողովրդին եւ այս պահանջն ընդհանրական է»: Հարց. - «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է առաջիկայում իրական ընտրական գործընթացները ծառայեցնել որպես իշխանություն ձեւավորելու մեխանիզմ»։ Պատասխան. - «Եթե ընդդիմությունը կարողանա միավորվել այդ գաղափարի շուրջ, այսինքն՝ իր առջեւ դնի քաղաքական հակակշիռ ստեղծելու խնդիր, կարծում եմ՝ հնարավոր կլինի դա իրականացնել, այլապես մենք ունենալու ենք նույն տեսակի խորհրդարան, որտեղ մի կուսակցությունը լինելու է գերիշխող, իսկ երկիրը, լավագույն դեպքում, տեղում է դոփելու, եթե չասենք, որ շարունակելու է ապրել հետընթաց»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսը կտրականապես հերքում է այն խոսակցությունները, թե իբր իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Հանրապետականները արտահերթ ընտրությունների թեմային ընդհանրապես չեն անդրադառնում, բայց նույնպես հերքում են գաղտնի երկխոսությունը` ձեւացնելով, որ չեն հասկանում, թե ինչ հարցերի շուրջ պիտի երկխոսության մեջ մտնեն Կոնգրեսի հետ: Սա, ի դեպ, շատ տարօրինակ անտեղյակություն է, որովհետեւ Կոնգրեսը հստակ ասել է, որ այս, այս, այս պահանջների կատարման դեպքում իրենք պատրաստ են իշխանությունների հետ երկխոսել արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: Այլ հարց է, որ Կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ առայժմ արտահերթ ընտրությունների մասին համաձայնություն ձեռք չի բերվել: Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանությունները դեռ դիմադրում են: Իսկ ինչպե՞ս է վարվում բանակցող կողմը, երբ դիմացինը համառում է… Ճիշտ է` ուժեղացնում է ճնշումը: Հայ ազգային կոնգրեսը այս օրերին հենց դրանով է զբաղված: Մի կողմից ավելացնում է ճնշումը` հանրահավաքային շարժման միջոցով, մյուս կողմից` երկխոսության միջոցով փորձում է համոզել, որ գործընթացը շատ ցավոտ չի լինի»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության այն մասին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի ծրագրված բացմանը: Կարապետյանը ասել է, թե նախորդների համեմատությամբ այս մեկում միակ նորությունն այն է, որ բարձրացվել է Ստեփանակերտում օդանավակայանի բացման խնդիրը: «Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը հայտարարել են, որ օդակայանը բացվելու է: Անկախ այս կամ այն կողմի մոտեցումներից, չեմ կարծում, ավելին` վստահ եմ, որ Երեւանն ու Ստեփանակերտը այնքան անլուրջ չեն եղել ու արկածախնդրությամբ չեն առաջնորդվել, որ կարող էին այդպիսի կարեւոր հարցում քայլեր ձեռնարկել եւ նման հայտարարություններ անել` առանց միջազգային համապատասխան կառույցների` IKAO-ի, նաեւ ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցնելու կամ խորհրդատվությունների: Հակառակ դեպքում դա շատ անլուրջ կլիներ: Եթե դա համաձայնեցված ծրագիր է, իսկ հայկական կողմն էլ եթե ժամկետ է նշել, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ Երեւան - Ստեփանակերտ առաջին չվերթով ինքն է թռչելու, ապա պետք է խոսքի տերը լինել եւ ամեն ինչ անել, որպեսզի նշված ժամկետներում օդակայանը բացվի եւ թռիչքը իրականացվի», - ասել է Կարապետյանը: Նրա դիտարկմամբ, համանախագահների հայտարարության մեջ եղած մտահոգության հասցեատերը Ադրբեջանն է, ուստի թող Ադրբեջանը մտածի:

«Երկիր» թերթի հետ զրույցում «Հայք» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը խոսել է սոցցանցերի էթիկայից: Լրագրողը հարցնում է. - «Հանրահավաքի հիասթափված մասնակիցները արդեն սոցցանցերում իրար դեմ են ելել, ֆեյսբուքյան պատերազմի ենք ականատես լինում»: Պատասխան. - «Ֆեյսբուքյան պատերազմին մասնակցում են ոչ թե Կոնգրեսից հիասթափվածները, այլ տարբեր քաղաքական հայացքներ, կուսակցական պատկանելություն եւ քաղաքական նպատակներ ունեցողները: Իսկ ֆեյսբուքյան քննարկումները հիմնականում տխուր տպավորություն են թողնում, քանի որ բանավեճը շատ արագ վերածվում է հայհոյանքի… Գործը հասնում է նրան, որ ով քննադատում է վարչախմբի ներկայացուցիչներին կամ Կոնգրեսի ղեկավարությանը, արժանանում է ամենավերջին որակումներին եւ մեղադրվում գրեթե բոլոր մեղքերի մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG