Մատչելիության հղումներ

Տասը տարի առաջ Ռուսաստանում լռեցվեց ՆՏՎ-ն


Վլադիմիր Պուտինի «տիկնիկը» ՆՏՎ-ի «Տիկնիկներ» («Կուկլի») հաղորդաշարում, մարտ, 2000 թվական
Վլադիմիր Պուտինի «տիկնիկը» ՆՏՎ-ի «Տիկնիկներ» («Կուկլի») հաղորդաշարում, մարտ, 2000 թվական

2001 թվականի ապրիլի 14-ին Կրեմլը իրեն հավատարիմ գործարար շրջանակների աջակցությամբ ավարտին հասցրեց ՆՏՎ-ն հսկողության տակ առնելու գործողությունը:

Տասը տարի առաջ փակվեց 1993 թվականին ռուսաստանցի առաջատար հեռուստալրագրողների ջանքերով ստեղծված անկախ հեռուստակայանը:

Ի տարբերություն այն տարիներին գործող մասնավոր մի քանի կայանների` ՆՏՎ-ի ուղղվածությունը ոչ թե շոուն էր, այլ քաղաքականությունը:

Ռուսական հեռուստաաշխարհը ղեկավարում էին օլիգարխները, որոնք այն ժամանակ միմյանց հետ մրցում էին Կրեմլի հետ գործնական կապեր հաստատելեւ եւ նույնիսկ ազդեցություն գործելու համար։ ՆՏՎ-ն այլ հեռուստաալիքների համեմատությամբ առավել ազատ եւ արհեստավարժ էր:

Ռուսաստանում Բորիս Ելցինին փոխարինելու եկած Վլադիմիր Պուտինը հեռուստակայանի նկատմամբ համակրանք չէր տածում, եւ պատճառներից մեկը կծու հումորն էր, որով համեմված էին քաղաքական վերնախավի առաջատար դեմքերին ներկայացնող քաղաքական-երգիծական ծրագրերը, այդ թվում` Կրեմլի տիրոջը ներկայացնող «Տիկնիկներ»-ը («Կուկլի»): Երկարատեւ պայքարում հաղթեց Պուտինը` 2001 թվականի ապրիլի 14-ին «Գազպրոմ»-ը հսկողության տակ վերցրեց
կայանը, լրագրողների մեծ մասը հեռացավ:

ՆՏՎ-ն այսօր էլ կա, վերստին պրոֆեսիոնալ է, բայց երկրի ղեկավարության քննադատության հարցում շատ համեստ է եւ զուսպ:

Պետական դումայի նախկին պատգամավոր, Ռուսաստանի լրագրողների միության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Յակովենկոյի համոզմամբ` «ՆՏՎ-ի զավթումից հետո սկսվեց հասարակության դեգրադացիան, որի մեկնարկը տվեց հենց հեռուստատեսության դեգրադացիան»:

ՆՏՎ-ի հեռուստաաստղերից Սվետլանա Սորոկինայի փոխանցմամբ` «այսօր ահավոր վիճակ է, հասարակության 80 տոկոսին ոչինչ չի հետաքրքրում, վարկանիշ ունեն միայն բթացնող սերիալները եւ շոու-հաղորդումները»:

Հայաստանում հաճախ են կրկնօրինակում Ռուսաստանում փորձարկված տեխնոլոգիաները: «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ՆՏՎ-ի նկատմամբ գործադրված որոշումը բացասական դեր կատարեց նաեւ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների դաշտում:

«Տասը տարի առաջ շատ վատ օրինակ Հայաստանի համար ծառայեց խտրականությունը ՆՏՎ հեռուստաընկերության հանդեպ: Դա նախադեպ հանդիսացավ Հայաստանի իշխանության համար», - ասաց Մովսեսյանը: - «Համարվեց, որ արդեն կարելի է վերաբերմունքը դեպի մամուլը թեքել իրենց ուզած ճանապարհով։ Դրան հետեւեցին «Ա1+»-ի օրինակը եւ մի շարք այլ ոտնձգություններ մամուլի եւ հեռուստատեսության դաշտում»։
XS
SM
MD
LG