Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ Յեղափոխական Դաշնակցության` ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ազատության հրապարակից սկսելու մասին հայտը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի խոսքով` իրենց հայտի մերժման վերաբերյալ երեկվա որոշումը «այնքանով էր հիմնավոր, որքանով հիմնավոր են այլ քաղաքական ուժերի` Ազատություն հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հայտերի մերժումները»:

Քաղաքապետարանը հիմնավորել է, թե այդ օրը հրապարակում նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ:

«Ավանդական այդ հիմնավորումն է, որ քաղաքապետարանը միշտ բերում է այդտեղ քաղաքական միջոցառումները արգելելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինշաբթի օրը ասաց Նռանյանը` շարունակելով. - «Մեզ առաջարկվել է Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտակայքից սկսել երթը: Նաեւ մենք փորձել ենք Մատենադարանից սկսել, սակայն մեզ տեղեկացրել են, որ այդ օրվա համար թույլտվություն տրվել է ՀԱԿ-ին»:

«Ազատություն» հրապարակը, Նռանյանի ձեւակերպմամբ` «չի կարող հավերժ համարվել մարզամշակութային տարածք». - «Չեմ կարծում, որ այս քաղաքական որոշումը կայացվել է առանց քաղաքական դրդապատճառների»:

Քաղաքական ուժերի հայտերի մերժման հիմք հանդիսացող միջոցառումները, ըստ իրազեկումների, Ազատության հրապարակում ավարտվում են ժամը 19-ի սահմաններում: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու Դաշնակցությունը չի թույլատրվում այդ հրապարակից սկսել երթը, որը մեկնարկում է ավելի ուշ, արձագանքեց. - «Միջոցառումների ավարտի ժամը մոտավոր է նշվում: Դա կարող է ձգվել մինչեւ 20-ը, 21-ը: Իսկ այդ դեպքում մեկ այլ միջոցառում թույլատրելը հնարավոր չէ»:

Արա Նռանյանը փոխանցեց, որ վաղը կայանալիք ՀՅԴ Գերագույն մարմնի նիստում քննարկելու են նաեւ քաղաքապետարանի որոշումը բողոքարկելու հարցը:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը ապրիլի 23-ին փորձի մտնել Ազատության հրապարակ, պատգամավորը պատասխանեց, թե այդ հարցը նույնպես կքննարկվի Գերագույն մարմնի նիստում` նշելով. - «Կարելի է ենթադրել, որ առայժմ միայն քաղաքական որոշում կա ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ թույլ տալ մտնել Ազատության հրապարակ»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դաշնակցությանը տվեց հետեւյալ խորհուրդը. - «Գիտեք, որ ՀԱԿ-ին նույնպես թույլտվություն տրված չէր Ազատության հրապարակում, բայց իրենց, ի վերջո, բանակցելով ոստիկանների հետ, եկան, անցկացրեցին: Դաշնակցություն էլ թող փորձի ոստիկանների հետ բանակցի… Գուցե թույլ տան»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG