Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրները կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Կոնգրեսի մոտ երկու տասնյակ անդամներ չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ հարյուրավոր ամերիկահայերի հետ միասին կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը իր խոսքում ասել է, թե չի կարող հավատել այն թեկնածուների հաստատումներին, որոնք չեն ցանկանում «պարզապես ընդունել, որ եղել է Հայոց ցեղասպանությունը»:

Մենենդեսը իր խոսքը եզրափակել է նախագահ Օբամային կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանությունը:

«Ես ակնկալում եմ, որ իմ նախագահը, որին ես աջակցել եմ, վերջապես կկանգնի ճշմարտության կողքին, կաջակցի այն բանին, որին նա հավատում էր որպես ԱՄՆ-ի սենատոր, եւ որպես ԱՄՆ-ի նախագահ այսօր կասի, որ Հայոց ցեղասպանությունը եղել է», -ասել է Մենենդեսը:

Իսկ Կոնգերսում Հայոց ցեղասպանության բանաձեւի մեկ այլ աջակից` հանրապետական Ադամ Շիֆը իր խոսքում, վկայակոչելով նույն օրը նախագահ Օբամային ուղարկած իր նամակը, ընդգծել է, որ «Թուրքիայի ցանկությունը Հայաստանի հետ հաշտեցման համար երեւակայական էր»:

«Հիմա երբ բացահայտվել է ճշմարտությունը, ես խնդրում եմ ձեզ վերադառնալ այն հստակությանը, որով վստահորեն արտահայտվել էիք 2008 թվականին», - ասել է Ադամ Շիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG