Մատչելիության հղումներ

«Եկել է խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու ժամանակը»


Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն:

Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջանային հերթական այցի ավարտին հինգշաբթի օրը Բաքվում հայտարարություն են տարածել:

Ամփոփելով ապրիլի 11-14-ը Երեւան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու կատարած այցերը` համանախագահները նշում են, որ «առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ»:

«Հանդիպումներում քննարկվել են Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելուն ուղղված հաջորդ քայլերը», - ասված է հայտարարությունում, որում համանախագահները շեշտում են, որ «եկել է Հիմնարար սկզբունքները ավարտին հասցնելու ու խրախուսելու եւ խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու ժամանակը»:

«Հիմնվելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում արած համատեղ հայտարարության վրա` համանախագահները ներկայացրել են ճակատային գծի երկայնքով տեղ գտնող միջադեպերի` բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննության մեխանիզմի ստեղծման նախագիծը: Համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ հնարավորինս կարճ ժամկետում հետաքննության գործընթացի թափանցիկ ու օբյեկտիվ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ` նպատակ ունենալով ամրապնդել վստահությունը, նվազեցնել սխալվելու ռիսկերը եւ փրկել մարդկային կյանքեր», - նշված է հայտարարությունում:

Համանախագահներին մտահոգություն է պատճառում այն, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի ծրագրված բացումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման։ Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղից դուրս թռիչքների իրականացումը «չի կարող օգտագործվել որպես միջազգային օրենքներով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխմանը նպաստող հանգամանք»։

«Համանախագահները հորդորում են կողմերին փոխըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը կատարելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրենց օդային տարածքներով թռիչքների պրակտիկան պահպանելու հարցում: Համանախագահները ողջունում են կողմերի հավաստիացումները, որ կբացառվեն քաղաքացիական օդանավերի վրա հարձակումները կամ դրանց սպառնալիքները, հարցը կտեղափոխել դիվանագիտական դաշտ եւ զերծ կմնան այն քաղաքականացնելուց»:

Համանախագահները նաեւ տեղեկացնում են, որ ապրիլի վերջին մեկնելու են Վաշինգտոն` խորհրդակցություններ անցկացնելու Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների հետ եւ քննարկելու խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG