Մատչելիության հղումներ

Երեւան – Բաթումի գնացքի տոմսերը չեն թանկանա


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հունիսի 15-ին բացվող ամառային սեզոնի ընթացքում տոմսերի թանկացում չի սպասվում:

«Գնային քաղաքականությունը մշակելիս` մենք հաշվի ենք առել մարդկանց վճարունակությունը եւ սեզոնային պահանջարկը», - նշեց Շայդուլինը: - «Երեւան - Բաթումի - Երեւան արագընթաց գնացքի տոմսերի սակագները 2010 թվականի համեմատությամբ չեն փոխվի»:

Փոխարժեքի այսօրվա կուրսով հատուկ վագոնում («CB») տոմսերը կարժենան 24 հազար դրամ, կուպեավոր վագոնում` 11 հազար 700 դրամ, ընդհանուր վագոնում («պլացկարտ»)` 7 հազար 500 դրամ:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ամառային սեզոնը այս տարի ավելի վաղ կսկսի. հունիսի 15-ին առաջին գնացքը կուղեւորվի ծովափնյա Բաթումի: Ֆիրմային կոչվող գնացքը Երեւանից կշարժվի ամեն օր` 17 ժամում հասնելով Աջարիայի մայրաքաղաք:

Ֆիրմային գնացքից բացի, շաբաթական երկու անգամ Բաթումի կմեկնի «սոցիալական» պայմանական անվանումը կրող գնացքը, որի տոմսերը 10-15 տոկոսով ավելի էժան կլինեն:

Անցած տարի գնացքով Աջարիայի ծովափնյա հանգստավայրերն են մեկնել շուրջ 40 հազար հայաստանցի: Այս տարի ընկերությունն ակնկալում է վաճառել է մոտ 70 հազար տոմս:

Շեւքեթ Շայդուլինը խոստացավ, որ այս տարի չեն լինի տոմսերի կրկնակի վաճառքի դեպքեր, քանի որ («Վրացական երկաթուղիներ»-ի հետ համատեղ) ներդրվել է տոմսերի վաճառքի էքսպես համակարգը. - «Դա կլինի եվրոպական նմուշի տոմս, որը հնարավոր կլինի նախապես պատվիրել: Բայց ամենակարեւորը` վերանալու է մարդկային գործոնը, որ անցած տարի կար»:

Անցած տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տոմսերը վաճառում էր նաեւ տուրիստական գործակալությունների միջոցով, Շայդուլինը, սակայն, ասաց, որ մարդիկ նախընտրում էին թեկուզ հերթ կանգնել, բայց տոմսերը գնել առանց հավելավճարի ու հենց երկաթգծի տոմսարկղից: Իսկ հերթեր այս տարի, ընկերության տնօրենի հավաստիացումներով, չեն լինի` շնորհիվ տոմսերի վաճառքի նոր համակարգի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2011-ի ներդրումային պարտավորությունները (1 միլիարդ 178 միլիոն ռուբլի) կապված են բացառապես շարժակազմի եւ ներքին ենթակառուցվածքների հետ:

Առայժմ անորոշ է Իրան-Հայաստան երկաթուղու ճակատագիրը, 2011 թվականի բյուջեի նախագծում որեւէ հատկացում այս ծրագրին չկա, ֆինանսավորման աղբյուրները որոշելու համար կառավարությունը դեռ շարունակում է բանակցությունները տարբեր երկրների, դոնոր կազմակերպությունների հետ: Հայաստանցի եւ եվրոպացի փորձագետների տարբեր գնահատականներով, այս նախագիծը կարժենա 2-4 միլիարդ դոլար:

Շեւքեթ Շայդուլինը, այդուհանդերձ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ստեղծված իրավիճակը չցանկացավ փակուղային որակել. - «Իրավիճակը փոխվում է, առաջ է շարժվում, գուցե ոչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, բայց այն առաջ է շարժվում ներդրողների որոնումների մասով: Առաջին հերթին դա Իրանն է, հետո Ռուսաստանը: Իսկ գլխավորը, իհարկե, տնտեսական հիմնավորումներով աշխատանքային նախագիծ ստեղծելու հնարավորություն գտնելն է: Այստեղ արդեն ավելի իրավասու է տրանսպորտի եւ կապի նախարարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG