Մատչելիության հղումներ

Թերթերի դեմ վերջին շրջանում ներկայացվող դատական հայցերում փաստաբանական ծառայությունների համար պահանջվող գումարների չափը ուռճացված է համարում նույնիսկ Հայաստանի փաստաբանների պալատը:

Փորձը ցույց է տալիս, որ թերթերին դատի տվող պաշտոնյաները որպես իրավաբանական ծախսերի փոխհատուցում պահանջում են գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափը` 3 միլիոն դրամից (շուրջ 8 հազար դոլար) ոչ պակաս:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ դատական ծախսերի մեջ կարող է մտնել նաեւ փաստաբանի ողջամիտ վարձատրության գումարը: Վերջերս կա տենդենց` հատկապես մամուլի դեմ հարուցված հայցերով, որ հայցվորները, բացի իրենց մնացած պահանջներից, նաեւ պահանջում են հատուցել փաստաբանին վճարված գումարը: Բայց մտահոգիչը ոչ թե դա է, այլ այդ գումարի չափն է լինում, որովհետեւ հսկայական գումարներ են ներկայացնում որպես փաստաբանին վճարված գումար, եւ դա դառնում է մամուլի դեմ լրացուցիչ «մահակ»: Եվ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ հայցվորի կողմից ներկայացված թիվը, որը նա իբր փաստաբանին վճարել է, խելամիտ չէ, ուռճացված է»:

Հարցին, թե այս առնչությամբ Փաստաբանների պալատը ի՞նչ է առաջարկում, Ալումյանը արձագանքեց. - «Փաստաբանների պալատը արդեն ամիսներ առաջ որոշել էր մի կողմնորոշիչ գնացուցակ սահմանել` տարբեր գործերով վարձատրության չափերի կողմնորոշիչ ցանկ, որը, իհարկե, պարտադիր չէր լինի փաստաբանների համար, բայց կկրեր կողմնորոշիչ բնույթ` ե’ւ փաստաբանների համար, ե’ւ նրանց պոտենցիալ վստահորդների համար: Հիմա, նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցների առջեւ այսպիսի լուրջ խնդիրներ են առաջացել` մահակի պես բան է դարձել այդ փաստաբանի վճարը, օրակարգի մեջ կա հենց հատուկ, հատկապես վիրավորանքի եւ զրպարտության հարցով փաստաբանի ծառայության վարձատրության ողջամիտ չափը սահմանելու մասին կետ»:

«Մենք կսահմանենք, հավանաբար, այդ վիրավորանքի եւ զրպարտության հարցերով դատական վեճերում փաստաբանների խելամիտ վարձատրության չափ, որը հետագայում դատարանները ստիպված կլինեն եթե ոչ հիմք ընդունել, ապա գոնե կողմնորոշվել այդ թվի վրա», - ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG