Մատչելիության հղումներ

Ապրիլի 14-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Միակողմանի պարտավորությունները կամ, այլ կերպ ասած` պատասխանատվության «ասիմետրիան» չափազանց բնորոշ են հայաստանյան իրականությանը: Ի՞նչ կլինի, օրինակ, եթե դուք 3-4 օրով ուշացնեք էլեկտրաէներգիայի վարձը: Կգա լույսի մարդը եւ ձեր «ռուբիլնիկը կքաշի»: Իսկ ի՞նչ պատասխանատվություն է կրում էլցանցը, եթե ձեր տանը լույս չկա: Ոչ մի: Ձեզ մնում է 16-17 ժամ սուսուփուս նստել մոմերի լույսի տակ, փտեցնել սառնարանում ձեր մթերքները, քանի որ որեւէ տեղ բողոքելու իրավունք եւ հնարավորություն դուք չունեք` «պատժամիջոցի», փոխհատուցման որեւէ մեխանիզմ չկա: Հատկապես Երեւանի ծայրամասերում եւ շրջաններում հենց որ մի փոքր քամի է փչում, կամ թեթեւ անձրեւ է գալիս, էլեկտրականությունը անջատվում է… Պատճառը պարզ է. լարերը, սյուները եւ մնացածը կեսդարյա հնության են: Բայց մենք հենց դրա համար էլ վճարում ենք մեր աշխատավարձերի հետ համեմատած հսկայական գումարներ, որպեսզի էլցանցը այդ ներդրումները անի: Չանելու դեպքում ինչ-որ պատասխանատվություն հաստատ ենթադրվում է, սակայն օրենքը կարող է գործել միայն անկախ դատարանների պարագայում, որոնք, ինչպես գիտեք, Հայաստանում գոյություն չունեն»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Երեւանի քաղաքապետարանը երեկ մերժել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ապրիլի 28-ին Ազատության հրապարակում անցկացնելու հայտը: Դրանով իշխանությունը, փաստորեն, մերժում է Կոնգրեսի երեք պահանջներից մեկը, որոնք ապրիլի 8-ի հանրահավաքի հարթակից էին ներկայացվել եւ դրանց կատարման վերջնաժամկետ էր նշել ապրիլի 28-ը: Մնացել է երկու պահանջ` քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման պաշտոնական պատրաստակամության ստանձնում: Տեսականորեն իշխանությունը, իհարկե, ժամանակ ունի դրանք կատարելու, բայց եթե դատենք ներկա իրողություններից, ապա դժվար է պատկերացնել, որ գործնականում իշխանությունը կկատարի մնացած այդ երկու պահանջները… Թեեւ, իհարկե, առավել նպատակահարմար է եզրահանգումներ անել` սպասելով նաեւ մնացած երկու շաբաթը, քանի որ Հայաստանում իրադրությունը կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել ամեն պահի, այդուհանդերձ այժմվանից ընդդիմության առաջ կարծես թե բավական առարկայորեն հառնում է հարցը, թե ինչպես պետք է փոխվի մարտավարությունը»:

«Կապիտալ»-ի թղթակիցը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին հարցնում է. - «ՀԱԿ-ը շարունակում է խոսել արտահերթ ընտրությունների մասին, իսկ որոշ փորձագիտական գնահատականներում նշվում է, որ ՀԱԿ-ը պարզապես գնում է հերթական ընտրությունների։ Ձեր դիտարկումը»։ Պատասխան. - «ՀԱԿ-ի նպատակն է հասնել արտահերթ ընտրությունների։ Ընդ որում՝ ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունները տեսնում է որպես արդեն ստեղծված վիճակի արդյունք։ Այսինքն՝ իրավիճակը երկրի ներսում դառնում է այնպիսին, որից միակ ելքը մնում է արտահերթ ընտրությունները։ Այս առումով այն, ինչ ասում եւ անում է ՀԱԿ-ը, տանում է հենց սրան։ Այս ամենում կա մի բաց հարց, որի պատասխանը պետք է տրվի. արդեն ասացի, որ Հայաստանի միակ ուժը ժողովրդի ամբողջականությունն է, եւ շատ կարեւոր հարց է, թե որքանով ՀԱԿ-ը կկարողանա իր շարժման մասնակից դարձնել ողջ ժողովրդին։ Պետք է նշեմ, որ ժողովրդի մոբիլիզացիան ես միայն ՀԱԿ-ի խնդիր չեմ դիտում, սա մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության շրջանակում է»։

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանին է դիմել «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը: Հարց. - «Կա հասարակության մի ստվար զանգված, որ ընդդիմադիր է իշխանություններին, փոփոխությունների կողմնակից է, բայց լսել չի ուզում ՀԱԿ-ի մասին։ «Երրորդ ուժի», ընդդիմադիր «երկրորդ բեւեռի» ձեւավորման հարցն այս առումով արդիական չե՞ք համարում»: Պատասխան. - «Մենք առաջարկել ենք ձեւաչափ, որ կարող է միավորել ընդդիմադիր ուժերին։ Ասում ենք` եկեք միանանք մեկ ընդհանուր նպատակի, գաղափարի շուրջ, որ Դաշնակցության մենաշնորհը չէ, որի տակ ցանկության դեպքում կարող են մտնել բոլոր քաղաքական ուժերը` խնդիր դարձնենք ընտրական իրավունքի պաշտպանությունը, եթե ուզում ենք իրականում արդար, թափանցիկ ընտրություններ… Մենք դեռ չենք ճշտել` առանձի՞ն կգնանք ընտրություններին, թե՞ մեզ կմիանան այլ ուժեր, չնայած շատ դեպքերում նախընտրել ենք միայնակ գնալ եւ առանձնապես հետաքրքրված չենք արհեստական ինչ-որ միավորումներ ստեղծելու տեսլականով, մեր անվան կողքին ինչ-որ անուններ շարելու խնդիր չունենք»:

Նույն հարցն է շոշափում «Երկիր» օրաթերթը. - «Մեր կարծիքով` քաղաքական պայքարի ամենամեծ փորձն ունեցող Դաշնակցությունը առաջիկա ընտրություններին կգնա մենակ: Կհաղթահարի՞ շեմը` լավ, չի ՞ հաղթահարի, ինչպես ասում են` աշխարհը չվերջացավ դրանով: Բայց փոխարենը կխուսափի շատ տհաճ գլխացավից` ո՞ւմ հետ համագործակցել նախընտրական փուլում: Այսօր ում հարցնում ես` կհամագործակցե՞ս ՀՅԴ-ի հետ, պոչ է խաղացնում` թող ինքը մեզ հետ համագործակցի: Ախր… ձեր ինչի՞ հետ համագործակցի, տեսել ե՞ք ձեզ կողքից: Քաղաքական դաշտի առնվազն 90 տոկոսը իշխանական պրոյեկտ է` մի մասը կոալիցիայի, մի մասը արմատական ընդդիմության, մի մասն էլ` «վեչնի» դհոլների ու քաղաքական մոծակների տեսքով: Սրանց հետ համագործակցել կլինի՞»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG