Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքապետարանը կրկին արգելեց ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել


ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 8 ապրիլ, 2011

ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 8 ապրիլ, 2011

Երեւանի քաղաքապետարանը կրկին մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) ապրիլի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնել:

Քաղաքապետարանը չորեքշաբթի օրը հրապարակած որոշմամբ ՀԱԿ-ին կրկին առաջարկեց հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում: Հիմնավորումը նույնն է` Ազատության հրապարակում ապրիլի 28-ին եւ հաջորդող օրերին այլ միջոցառումներ են նախատեսված, որոնք բացառում են այդ հանրահավաքի անցկացումը:

Քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը այսօրվա քննարկմանը պարզաբանեց, որ խոսքը «Գարուն-ամառ» շարունակական միջոցառումների մասին է, որ անցկացվում են ամեն օր` ժամը 15-19-ը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երբ ՀԱԿ-ը, որ արդեն երկու անգամ իր հանրահավաքը շարունակել է Ազատության հրապարակում, դրանով չի՞ խոչընդոտել այդ «այլ» միջոցառումներին, Բաղդասարյանը պատասխանեց. - «Իրավասու չեմ ասելու, թե ինչ պատճառով են մտնում կամ ով է թույլ տալիս, որ մտնեն Ազատության հրապարակ, բայց, իհարկե, խանգարում են: Քաղաքապետարանի մշակույթի վարչությունը, հենց դա հաշվի առնելով, այդ օրերին իր միջոցառումները չի անցկացնում»:

Հարցին, թե այդ դեպքում Ազատության հրապարակում հանրահավաքն արգելելը ինքնանպատակ չէ՞, Բաղդասարյանը պատասխանեց. - «Մերժելը հիմնավորված է օրենքի կոնկրետ պահանջով, օրենքը խնդիր է դնում` եթե նախօրոք տրված իրազեկման հիման վրա ընդունվել է որոշում թույլատրել որեւէ միջոցառման անցկացում, այլ միջոցառման անցկացումը նպատակահարմար չէ», - ասաց Բաղդասարյանը` եզրահանգելով, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները «ապօրինի են» եւ «անցկացվում են խախտումով»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ իր հերթին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ապօրինի» որակեց քաղաքապետարանի որոշումները:

«Իշխանությունները շարունակում են անհեռատես եւ ոչ խելամիտ գործելաոճը», - ասաց Մուսինյանը:

Արման Մուսինյանի գնահատմամբ` Ազատության հրապարակում հանրահավաքների իրազեկումները մերժելով` իշխանությունները թերեւս չեն ուզում տպավորություն ստեղծել, որ զիջումների են գնում:

«Նրանք օրենք կատարելը հասկանում են զիջում հասարակության առաջ, նրանք համարում են, որ եթե իրենք գործեն օրենքով եւ կատարեն այդ պահանջները, տպավորություն կստեղծվի իրենց թիմում, թե իշխանությունը կապիտուլացվում է: Չե'ն ուզում, կկապիտուլացվե'ն այլ կերպ», - ասաց Մուսինյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը ընդգծեց, որ իրենք քաղաքապետարանի որոշումներին այլեւս որեւէ նշանակություն չեն տալիս: Մուսինյանը նաեւ ասաց, թե ապրիլի 28-ին ժողովուրդի որոշմամբ կառաջնորդվեն` մտնել Ազատության հրապարակ, թե` ոչ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG