Մատչելիության հղումներ

Էրդողանը Հայաստանին մեղադրում է հայ-թուրքական գործընթացը ձգձգելու մեջ


Ֆրանսիա -- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթը ԵԽԽՎ-ում: Ստրասբուրգ, 13-ը ապրիլի, 2011թ.

Ֆրանսիա -- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթը ԵԽԽՎ-ում: Ստրասբուրգ, 13-ը ապրիլի, 2011թ.

«Եթե Հայաստանի կառավարությունը առավել նպատակասլաց դիրքորոշում որդեգրի հայ–թուրքական արձանագրությունների հարցում եւ ճիշտ քայլեր ձեռնարկի, սահմանը շատ արագ կբացվի», - այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Պատասխանելով Հայաստանի պատվիրակության անդամ, Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցին, թե ո՞րն էր հայ-թուրքական արձանագրությունների տակ ստորագրություն դնելու իմաստը` եթե Անկարան մինչեւ օրս շարունակում է դրանք շաղկապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, Էրդողանը հայտարարեց. - «Թեեւ Թուրքիան ստանձնել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պարտավորություն, այդուամենայնիվ, մտադիր չէ անտեսել եղբայրական ժողովրդի՝ Ադրբեջանի շահերը»։

«Որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն առկա խոչընդոտները վերացնելու համար, ինչից հետո մենք պատրաստ ենք բացել սահմանը։ Այդ իսկ պատճառով մենք միշտ հրավիրել ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ քննարկելու այս հարցը: Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները պետք է մասնակցեն այս խոչընդոտների հաղթահարմանը։ Երբ նրանք իրականացնեն իրենց պարտավորությունները, մենք կկարողանանք լուծում գտնել։ Սակայն, եթե նրանք արդյունքների չհասնեն, ամեն ինչ բավականին կբարդանա», - հայտարարել է էրդողանը։

Դիմելով ԵԽԽՎ-ի անդամ եվրոպացի պատգամավորներին՝ Էրդողանը մեղադրեց Հայաստանի կառավարությանը գործընթացը ձգձգելու եւ սփյուռքում անգործություն դրսեւորելու մեջ։

«Գուցե դուք չգիտեք այս մասին, սակայն ես ուզում եմ, որ իմանաք», - ընդգծեց Թուրքիայի վարչապետը եւ շարունակեց. - «Երբ մենք ստորագրեցինք արձանագրությունները, գնացինք այդ քայլին, որպեսզի լուծենք առկա խնդիրները։ Սակայն ես տեսա, որ հայկական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկում, երբ գործը հասնում է սեփական սփյուռքին։ Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա առաջ շարժվել առավել նպատակաուղղված կերպով եւ գնա ճիշտ ճանապարհով, ապա, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք առաջընթաց արձանագրել եւ շատ արագ բացել սահմանը»։

Արմեն Ռուստամյան
Էրդողանին տրված հարցում Արմեն Ռուստամյանը հիշատակել էր նաեւ Կարսի հայ–թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը ապամոնտաժելու մասին վարչապետի պահանջը եւ հետաքրքրվել՝ արդյոք այդ քայլը նպաստում է հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իր պատասխանում Էրդողանն այս հարցին որեւէ կերպ չանդրադարձավ: Փոխարենը` Թուրքիայի վարչապետը կրկին խոսեց իր երկրում օրինական եւ ապօրինի ապրող հազարավոր հայերի մասին։

«Իմ երկրում 70 հազար հայ կա՝ Թուրքիայի քաղաքացի։ Բացի այդ, եւս 40 հազար հայեր ապրում են առանց քաղաքացիության։ Մենք նրանց ետ չենք ուղարկում Հայաստան, թեեւ կարող ենք, եթե ցանկանանք։ Նրանք շարունակում են ապրել, որովհետեւ դժվարություններ ունեն սեփական երկրում», - հայտարարել է Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG