Մատչելիության հղումներ

Արդեն 10 տարի շարունակ «Հայկական գրադարանային ասոցիացիան» ապրիլի 11-18-ը հայտարարում է «Ազգային գրադարանային շաբաթ»` կոչ անելով գրադարաններին առավել աշխույժ գործունեություն ծավալել եւ գրադարանները վերածել մշակութային ակտիվ հաստատությունների: Սակայն Երեւանի մի շարք գրադարաններ շարունակում են անմխիթար վիճակում գտնվել:

Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանը գտնվում է Սայաթ-Նովա փողոցի վրա, շատ մոտ է մի քանի բուհերի եւ դպրոցների, այդ պատճառով միշտ մարդաշատ է:

Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող այս գրադարանը, սակայն, առնվազն երկու տասնամյակ վերանորոգում չի տեսել: Գրադարանում ժամանակին մանրահատակ է եղել, որից մնացել են միայն փայտի կտորներ, մի քանի տասնյակ տարիներ ծառայած ապակե դուռը դժվարությամբ է բացվում-փակվում, կահույքը չափազանց հին է եւ հասցրել է լավ մաշվել, գրադարանում չկան հակահրդեհային, ջեռուցման կամ օդափոխման համակարգեր:

Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանը Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ցանցի 10 գրադարաններից մեկն է:

Վերջերս Երեւանի քաղաքապետարանը գրադարաններին խնդրել է ներկայացնել հաշվարկ, թե ինչ ֆինասական միջոցներ են հարկավոր վերանորոգում իրականացնելու համար, եւ հիմա գրադարաններում բոլորը սպասում են քաղաքապետարանի որոշմանը:

XS
SM
MD
LG