Մատչելիության հղումներ

Մասնագետները զգուշացնում են ցրտահարությունների վտանգի մասին


Ապրիլի 12-ի երեկոյան տեղացած կարկուտը
Ապրիլի 12-ի երեկոյան տեղացած կարկուտը
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը զգուշացնում է, որ ապրիլի 13-ից լույս 14-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազման հետեւանքով բույսերի ցրտահարման վտանգ է սպասվում մի քանի մարզերում:

Օդի ջերմաստիճանը նվազել էր նաեւ անցած գիշեր: Գագիկ Մանուչարյանը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում տեղեկացրեց, թե անցած գիշեր ջերմաստիճանը Արարատյան դաշտվայրում 0-ին մոտ է եղել, բայց ցրտահարման, այսինքն բերքի կորստի դեպքեր չեն գրանցվել:

«Առայժմ Արարատյան դաշտավայրն է վտանգի տակ, վտանգի տակ են Սյունիքի հովտային շրջանները, Լոռու մարզի ցածրադիր գոտին, Տավուշի մարզը», - ասաց Մանուչարյանը` հավելելով, թե դեռեւս չի արձանագրվել -3ից -5 աստիճան: «Մենք բերքը կորցնում ենք այն պայմաններում, երբ ջերմաստիճանը իջնում է -4-6 աստիճան, եւ այդ ինտերվալը տեւում է 4-6 ժամ», - բացատրեց գյուղնախարարության պաշտոնյան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության Օպերատիվ հիդրոօթերեւաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ անցած գիշեր հանրապետությունում սկսած 1300 մետր բարձրություններից, իսկ հյուսիսարեւելյան շրջաններում` նաեւ ավելի ցածր տարածքներում դիտվել է ձյուն, Արարատյան դաշտավայրում գրանցվել է անձրեւ ու կարկուտ: Պետրոսյանի փոխանցմամբ` առաջիկա գիշերվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում եւս 1-3 աստիճանով:

«Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը օդում ակնկալվում է մինչեւ 2 աստիճան ցուրտ, հողի մակերեւույթին` մինչեւ 3 աստիճան ցուրտ: Մինչեւ գիշերվա ժամը 3-ը կլինի դրական ջերմաստիճան, ժամը 4-ին սպասվում է -1 աստիճան, ժամը 5-ին` -2: Ցրտահարության տեւողությունը կլինի 3 ժամ, բացասական ջերմաստիճանը միանշանակ չի նշանակում ցրտահարություն, դրա տեւողությունը եւ ինտենսիվությունն է կարեւոր», - ասաց Պետրոսյանը:

Օթերեւութաբանի փոխանցմամբ` արդեն վաղը ցերեկվանից օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ:

Այսօր գյուղնախարարությունում ասուլիսին ներկա Ագրարային համալսարանի մասնագետները գյուղացիներին խորհուրդ տվեցին ծխապատել այգիները` ցրտահարությունը կանխելու համար:

Մանուչարյանը իր հերթին գյուղացիներին խորհուրդ տվեց ծխակույտերի մեջ օգտագործել տորֆ, գոմաղբ, շորի մնացորդներ, ծղոտ, ցանկացած իր` միայն թե դա չվառվի եւ կրակ չարձակի, այսինքն ծուխ դուրս գա:

«Ծխահարման հետեւանքով մենք 1-2 աստիճանի տարբերություն ենք ունենում, իսկ դա բավարար է, որ մենք բերքը չկորցնենք», - ասաց Մանուչարյանը:

Հարցին, թե գյուղնախարարությունը այս ասուլից բացի ի՞նչ է նախաձեռնել գյուղացիներին աջակցելու համար, Գագիկ Մանուչարյանը պատասխանեց, թե նախարարությունը չի կարող գնալ եւ երկրի «բոլոր այգեգործական շրջաններում ծխահարում անել»:

«Մենք ուղղակի խորհուրդ ենք տալիս եւ զգուշացնում ենք դրա մասին: Ինձ թվում է` այսքանով նախարարության աշխատանքը բավականին օպերատիվ է: Նախարարությունը լուրջ մոտեցում ունի այս խնդրի նկատմամբ, քանի որ անցած տարվա փորձը մեզ համար դառը փորձ էր», - ասաց նա:

Մանուչարյանը հավելեց, թե չնայած անցած տարի էլ գյուղնախարարությունը զգուշացրել էր գյուղացիներին սպասվող ցրտերի մասին, սակայն գրանցվել էին ցրտահարության դեպքեր, եւ բերքը փչացել էր, քանի որ ցրտերը ավելի լուրջ էին, բացի այդ երկու ամիս շարունակ անձրեւել է:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ, այս պարագայում պետությունը չպետք է սահմանափակվի միայն խորհուրդներ տալով: Ըստ նրա` պետությունը, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունը, պետք է աջակցի, որ կայանա գյուղացիական տնտեսություններ ապահովագրող համակարգը, որն էլ նման դեպքերում կկարողանա փոխհատուցել գյուղացու վնասը:

«Պետությունը պետք է վաղուց օգներ ֆերմերներին` ձեւավորելու ապահովագրական գործակալություններ` թեկուզ Համաշխարհային բանկի ծրագրով, թեկուզ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծրագրով, որտեղ բաժնետեր կլիներ հենց ֆերմերը: Ցավոք սրտի, դա չի արվում, այստեղ մոտեցում է պետք, պետական մտածելակերպ», - ասաց Բերբերյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG