Մատչելիության հղումներ

Հոսնի Մուբարաքին կալանելու որոշում է ընդունվել


Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաք, արխիվային լուսանկար
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաք, արխիվային լուսանկար
Եգիպտոսի հանրային մեղադրողը որոշում է ընդունել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 15 օրով կալանելու մասին։ Չորեքշաբթի օրը այդ մասին հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը:

82-ամյա Մուբարաքը երեքշաբթի օրը տեղափոխվել է Շարմ էլ-Շեյխի հիվանդանոց` սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Չորեքշաբթի առավոտյան հարցաքննվել ու 15 օրով կալանավորվել են նրա երկու որդիները՝ Ալաա ու Գամալ Մուբարաքները: Նրանք արդեն տեղափոխվել են Կահիրեի մեկուսարան: Եղբայրներին տեղափոխող ոստիկանության մեքենայի վրա հավաքվածները քարեր, ջրի շշեր ու կոշիկներ են շպրտել, ինչը արաբական աշխարհում արհամարհանքի նշան է:

Ոստիկանությունը հաղորդել է, որ նրանք կասկածվում են կոռուպցիայի՝ յուրացումների, պաշտոնական դիրքը չարաշելու, ինչպես նաեւ ցուցարարների սպանություններին մասնակցություն ունենալու մեջ:

Հոսնի Մուբարաքի ավագ որդին գործարար է, իսկ կրտսերը՝ Գամալ Մուբարաքը բարձր դիրք էր զբաղեցնում իշխող կուսակցությունում, եւ համարվում էր, որ նախագահի պաշտոնում նա է փոխարինելու հորը:

Ավելի քան 30 տարի իշխելուց հետո Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց փետրվարի 11-ին` ավելի քան մեկ ամիս շարունակվող անընդմեջ ակցիաների, ցույցերի հետեւանքով:

Անկարգությունների ժամանակ Եգիպտոսում բախումների արդյունքում մոտավորապես 800 մարդ է սպանվել:

Հոսնի Մուբարաքին եւ նրա ընտանիքի անդամներին արգելվել է լքել երկիրը, սառեցվել են նրանց բանկային հաշիվները:

Մուբարաքը անցած կիրակի օրը հրաժարականից հետո առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ իր դեմ հարուցված մեղադրանքները անհիմն են եւ այդ ամենը զրպարտիչ արշավ է իրեն եւ իր ընտանիքի անդամներին վարկաբեկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG