Մատչելիության հղումներ

Համանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին Ղարաբաղի ղեկավարության հետ


Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն, արխիվային լուսանկար

Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն, արխիվային լուսանկար

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեքշաբթի օրը ժամանեցին Ստեփանակերտ, որտեղ կայացավ նրանց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Հանդիպումից րոպեներ անց Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ համանախագահները այս անգամ լրագրողների հետ ճեպազրույց չեն ունենա եւ կխոսեն միայն երեք նախագահների հետ հանդիպելուց հետո:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության` հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Բակո Սահակյանը նշել է, որ միջնորդների խաղաղարար ջանքերին հակառակ` Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլեւ առհասարակ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը կողմերի միջեւ. դա, ըստ նրա, ե'ւ շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, ե'ւ տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, ե'ւ մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը:

Ղարաբաղի նախագահը այս շարքին է դասել նաեւ համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարող շահարկումները:

Չորեքշաբթի օրը պլանավորված է համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ շփման գծի դիտարկում, որից հետո միջնորդները, հատելով ղարաբաղա - ադրբեջանական սահմանը, կմեկնեն Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG