Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը չի բացառում իր առաջադրումը նախագահական ընտրություններում


Ռուսաստան - Նախագահ Դմիտրի Մեդվեդեւ ելույթ է ունենում Կրեմլում անցկացվող հանդիսության ժամանակ, 12-ը ապրիլի, 2011թ.

Ռուսաստան - Նախագահ Դմիտրի Մեդվեդեւ ելույթ է ունենում Կրեմլում անցկացվող հանդիսության ժամանակ, 12-ը ապրիլի, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել, որ առաջիկա ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնի երկրորդ ժամկետի համար:

Այս հայտարարությունը նա արել է չինական կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մեդվեդեւը այցելում է Չինաստան, եւ հարցազրույցը կայացել է այդ առիթով` այցի նախօրեին:

Թղթակիցը նաեւ այսպիսի հարց է տվել. - «Պարոն նախագահ, քանի որ ես լրագրող եմ, չեմ կարող ինձ զսպել ու մի հարց չտալ, որն ընդհանուր առմամբ հետաքրքրում է ամբողջ աշխարհին: Ինչպիսի՞ն է Ձեր համագործակցության ձեւաչափը վարչապետ Պուտինի հետ, եւ բացի այդ` արդեն մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել Ռուսաստանի նախագահական հերթական ընտրություններին, արդյոք դուք մասնակցելո՞ւ եք»:

«Չէի ասի, թե դա ամենաօրիգինալ հարցն է, որ ես լսել եմ, բայց նորմալ է: Դուք պետք է այդպիսի հարցեր տաք, ես պարտավոր եմ պատասխանել», - ասել է Մեդվեդեւը` նախ խոսելով իր եւ Պուտինի հարաբերությունների մասին:

Նա նշել է, որ իրենց հարաբերությունները բարեկամական են, շատ ջերմ, ընկերական, որոնք ձեւավորվել են վերջին 20 տարիների ընթացքում:

«Կյանքիս տարիների կեսի չափով գիտեմ Պուտինին, դա քիչ չէ: Մենք հանդիպել ենք դեռ Պետերբուրգում շատ տարիներ առաջ։ Մենք շփվում ենք, բնականաբար` շփվում ենք ընկերաբար, բայց միեւնույն ժամանակ` այսօր մենք տարբեր դիրքորոշումներ ունենք, տարբեր դերակատարություններ: Ես երկրի նախագահն եմ: Սահմանադրության կատարման երաշխավորը, պետության ղեկավարը: Նախագահն է ձեւավորում կառավարությունը, երկրում ղեկավարում շատ գործընթացներ: Կառավարությունը զբաղվում է իր գործերով, զբաղվում է տնտեսությամբ, սոցիալական ոլորտով, դա անում է ամենօրյա ռեժիմով` դա եւս մեծ աշխատանք է», - պարզաբանել է Մեդվեդեւը` հավելելով, որ, բնականաբար, այդ ամենը իր հետքն է թողնում Պուտինի հետ հարաբերությունների վրա. - «Ուրիշ կերպ հնարավոր էլ չէ` ճիշտ այնպես, ինչպես երբ ես աշխատում էի կառավարությունում, իսկ նախագահը Վլադիմիր Պուտինն էր: Իրավիճակը հայելային էր, դա նորմալ է»:

Ինչ վերաբերում է ապագային` Մեդվեդեւն ասել է. - «Չեմ բացառում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի նոր շրջանի համար»։

«Որոշումն ընդունվելու է շատ մոտ ապագայում, որովհետեւ ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել», - ասել է Ռուսաստանի նախագահը չինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG